Մատչելիության հղումներ

Միայն հոկտեմբերի 10-ին զոհվել է 5 քաղաքացի, տեղեկացնում է Արցախի ՄԻՊ-ը


Այս գիշերը ներառյալ առնվազն 25 զոհ կա քաղաքացիական բնակչության շրջանում, որոնցից 5-ը երեկ են արձանագրվել, ևս 102-ը՝ վիրավորվել, քիչ առաջ հայտնեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ արդեն բաց և փակ աղբյուրներից տեղեկություններ կան, որ ադրբեջանական զինված ուժերի ներքո գտնվում են Արցախի պաշտպանության բանակի զինծառայողների մարմիններ. - «Որոշ ապացույցներ կան, որ մեր զինծառայողների մարմինների նկատմամբ Ադրբեջանը որոշակի ոտնձգություններ է կատարել, որոնք խստագույնս արգելված են միջազգային մարդասիրական իրավունքով: Երբ ավելի մանրամասն ապացույցներ ունենանք, կներկայացնենք»:

Ադրբեջանական կողմն իր հերթին հաղորդում է, որ հայկական կողմի գործողությունների արդյունքում ունենք 41 քաղաքացիական զոհ, 205 վիրավոր:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը փոխանցում է, որ հոկտեմբերի 10-ի կեսօրին Հադրութ քաղաք ներխուժած դիվերսիոն խմբի անդամները գնդակահարել են առնվազն չորս քաղաքացիական անձի՝ հաշմանդամություն ունեցող Միշա Մովսիսյանին, նրա մորը՝ Անահիտ Մովսիսյանին, Նվեր Գրիգորյանին և Արտյոմ Միրզոյանին: Կան նախնական տվյալներ, որ Հադրութում քաղաքացիական անձանց շրջանում առկա են այլ զոհեր ևս. հանգամանքները դեռևս պարզվում են:

«Օրվա վերջին և գիշերվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերը հրթիռահրետանային հարվածներ են հասցրել Ստեփանակերտի, Մարտունու, Շուշիի և այլ բնակավայրերի բնակելի հատվածներին: Դրանց հետևանքով Մարտունի քաղաքում իր տան փլատակների տակ սպանվել է 75-ամյա Պարգև Սաղյանը, իսկ Շոշ գյուղում վիրավորվել է մեկ 65-ամյա կին», - նշված է հաղորդագրության մեջ:

XS
SM
MD
LG