Մատչելիության հղումներ

Պատմությունը կրկնվում է՝ 30 տարի անց արցախցի ընտանիքը կրկին Մեծ Այրումում է


Սուրեն Ավետիսյանի ընտանիքը Մեծ Այրումում, 11-ը հոկտեմբերի, 2020թ․

Սուրեն Ավետիսյանը երեք փեսաներին ճանապարհել է ռազմաճակատ, ինքը՝ կնոջ, դուստրերի ու 7 թոռների հետ Ստեփանակերտում է թողել տուն-տեղն ու տեղափոխվել արյունալի պայթյուններից հեռու՝ Լոռու մարզի Մեծ Այրում գյուղ։

30 տարի անց, ասում են, պատմությունը կրկնվում է․ դուստրերը 3-4 տարեկան էին, երբ 90-ականների ահարկու պատերազմը դարձյալ ստիպեց նրանց հեռանալ հարազատ Ղարաբաղից ու մեկ տարի ապրել Այրումի նույն տանը։ Մեծ Այրումում հիմնականում 30 տարի առաջ Բաքվից տեղահանված հայերն են ապրում։

«Երեխաների մայրն այստեղ ա մեծացել մյուս կռվի ժամանակ», - ասաց Ավետիսյանի կինը՝ Կարինեն։

Կարինեն պատմում է՝ իր հասակակից շատ կանայք այսօր այրի են, աղոթք է անում, որ նույնը չկրկնվի այսօրվա ջահել կանանց հետ։

90-ականների երեխաներն այսօր արդեն մայրեր են։ Երկու մանկահասակ երեխաների մայրն՝ Արմինեն, ասում է՝ այն տարիներին չէր գիտակցում՝ ինչու են տեղափոխվել Այրում․ 30 տարի առաջ մտքերում իրենց խաղերն էին, իրենց մանկական կռիվները․ - «Հիմա ուրիշ է, հիմա ավելի շատ մտածում ենք մեր երեխաների մասին, ամուսինների, եղբայրների համար, ովքեր պայքարում են, ապրում ենք զանգից զանգ՝ «խի՞ չզանգեց, խի՞ ուշացավ»։

Տունուտեղից հեռու կարիքների մասին խոսելիս երեխտագիտությունն է նրանց հիմնական ասելիքը։ Մեքենայում 8 հոգու հետ իրեր չեն կարողացել տեղավորել, բայց Մեծ Այրումում նրանց մենակ չեն թողնում, ասում է Կարինե Ավետիսյանը։ Թեև Ստեփանակերտում սեփական խանութ ունեն, ոչնչի կարիք չեն ունեցել։

«Էս գյուղը մեզ էնքան լավ ա ընդունել, գյուղապետարանը մեզ առաջին օրն ամեն ինչով օգնել ա, արդեն երկու անգամ էնքան ուտելիք են բերել, եթե չբերեն էլ, էլի շնորհակալություն, բայց բերել են, ապրեն։ Էսօր էլ կանչել են, որ գնանք շորեղեն ստանանք։ Մեզ խանութ ունենք էնտեղ [Ստեփանակերտում] , ապրանքը լցրած, կապած․․․ փախել ենք», - ասաց Կարինեն։

Չնայած այստեղ ամեն ինչ լավ է, ոչնչի կարիք չունեն, բայց խաղաղության ու իրենց տուն վերադառնալու մասին մտքերը հանգիստ չեն տալիս։ Բազմաթիվ նպատակներ ունեցող ընտանիքներ են՝ նոր ծրագրերով ու անելիքներով։

«Շատ կուզենայի, որ շուտ ավարտվի, գնանք մեր հողը, մենք այնտեղ լիքը պլաններ ունեինք․ նորաստեղծ ընտանիք եմ, վարկով տուն էինք վերցրել, վարկն էինք փակում, տարածք ենք վերցրել, կառուցելու հետ կապված այլ պլաններ ունեինք, երկու փոքրիկ բալիկներ ունենք, լիքը պլաներ կային, հիմա էդ ամենը դրել ենք մի կողմ, սաղ մի կարգավիճակի ենք», - ասաց Արմինեն։

Ընտանիքի հայրը՝ Սուրեն Ավետիսյանը, որ արդեն երեսուն տարի սպասում է Ղարաբաղյան հարցի արդարացի կարգավորմանն, ասում է՝ կողմերն ինչ էլ որոշեն բանակցային սեղանի շուրջ, պետք է հաշվի առնեն՝ արցախցին իր հայրենի տնից ոչ մի տեղ չի գնալու, այս բաժանումը միայն ժամանակավոր է։

«Իրանք էլ են կոտորվում շատ, մենք էլ, ավելի ճիշտ ա հանգստանան, նստեն, զրուցեն, խոսեն, տեսնեն՝ ինչ պիտի անեն, որպեսզի երկու ժողովուրդն էլ նորմալ ապրեն, էս ձևի հնարավոր չի», - եզրափակեց Սուրեն Ավետիսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG