Մատչելիության հղումներ

Մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ սպանվել է ընդհանուր 20 հոգի քաղաքացիական բնակչության շրջանում, նշում է Արցախի ՄԻՊ-ը


Ստեփանակերտ, Լեռնային Ղարաբաղ
Ստեփանակերտ, Լեռնային Ղարաբաղ

Պատերազմի սկզբից` սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 9-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանվել է ընդհանուր 20 հոգի քաղաքական բնակչության շրջանում, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 12 տղամարդ, ասված է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի երկրորդ միջանկյալ զեկույցում:

Ըստ այդմ` մանկահասակ երեխան, հինգ կանայք և չորս տղամարդիկ սպանվել են իրենց տան բակում, իսկ մյուսները՝ տարբեր բնակավայրերի հանրային վայրերում (կենտրոնական հրապարակ, թաղամաս): Մահվան դեպքերն արձանագրվել են Ստեփանակերտ (7 անձ), Մարտունի (6 անձ), Հադրութ (1 անձ) և Մարտակերտ (3 անձ) քաղաքներում, Մարտակերտի շրջանի Ալաշան բնակավայրում (1 անձ) և Մեծ շեն համայնքին հարակից վայրում (1 անձ), Ասկերանի շրջանի Այգեստան համայնք (1 անձ):

Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 101 մարդ, որից 81-ը ստացել են լուրջ վնասվածքներ: Նրանցից 68-ը արական, իսկ 13-ը` իգական սեռի քաղաքացիներ են: Համաձայն Արցախի ՄԻՊ-ի` այս անձանցից 38-ը վիրավորումն ստացել են անմիջապես իրենց բնակության վայրում՝ արկի պայթյունի հետևանքով, 6-ը` համեմատաբար անվտանգ վայր տեղափոխվելիս, 11-ը՝ աշխատանքի վայրում, իսկ 26-ը` հասարակական այլ վայրերում:

Համաձայն զեկույցի` ավելի քան 120 քաղաքացիական բնակավայր է թիրախավորվել ադրբեջանական ԶՈւ-ի կողմից, ինչի հետևանքով արձանագրվել են բազմաթիվ ենթակառուցվածքների ու մասնավոր գույքի ոչնչացման կամ վնասման դեպքեր: Մասնավորապես, նախնական տվյալներով լրջորեն վնասվել է ավելի քան 5800 մասնավոր սեփականության անշարժ գույք (բնակելի տներ, խանութներ և այլն), ավելի քան 520 մեքենա, շուրջ 960 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Զեկույցում նշվում է, որ զոհերն ու վիրավորումներն արձանագրվել են արգելված զինատեսակների ու մեթոդների կիրառման հետևանքով, և որ Ադրբեջանը քաղաքացիական բնակչության դեմ լայնորեն կիրառում է ծանր ու լայն ազդեցության շառավղով հրթիռային ու ավիացիոն միջոցներ, որոնց մի մասը կասետային բնույթի է:

Ադրբեջանական կողմը երեկ մինչև կեսօրը հաղորդել էր, որ սեպտեմբերի 27-ից սկսած 31 զոհ է ունեցել քաղաքացիական բնակչության շրջանում, որից 5-ը երեխաներ և 5-ը կանայք: Ըստ ադրբեջանական կողմի` 168 քաղաքացի վիրավորվել է, վնասվել է 142 քաղաքացիական օբյեկտ և ավելի քան 1050 բնակելի տուն: Նշում են նաև, թե կիրառվել են կասետային բնույթի հրթիռային միջոցներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG