Մատչելիության հղումներ

Միջազգային մամուլը՝ ղարաբաղյան հակամարտության մասին


Արցախ - Հրետակոծվում է Շուշին, 8-ը հոկտեմբերի, 2020թ.
Արցախ - Հրետակոծվում է Շուշին, 8-ը հոկտեմբերի, 2020թ.

«Եթե կռիվ է՝ կռվելու ենք մինչև արյան վերջին կաթիլը»

The New York Times-ը մեջբերել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե հայ զինվորները պարտավոր են հեռանալ: Ապա օրաթերթը վկայակոչել է արցախցի Սոնա Արզումանյանին:

«Մենք կռիվ չենք ուզում, բայց եթե կռիվ է՝ պայքարելու ենք մինչև արյան վերջին կաթիլը», - ասել է 20-ամյա գրաֆիկ դիզայներ Սոնան:

«Մեր երկիրը շատ պստիկ է, նույնիսկ քարտեզի վրա չես գտնի, բայց սա կարող է հանգեցնել հսկայական պատերազմի», - ասել է Լեռնային Ղարաբաղում ռուսաց լեզու դասավանդող Իրինա Գրիգորյանը:

«Անկարան Կովկասում մի նոր Սիրիա է ստեղծում»

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Financial Times-ին ասել է, որ Թուրքիան պետք է դադարեցնի միջամտությունը ղարաբաղյան պատերազմին և միանշանակ անթաքույց աջակցությունը Արցախի վրա հարձակված Ադրբեջանին:

«Անկարան Կովկասում մի նոր Սիրիա է ստեղծում», - ասել է նախագահը և ՆԱՏՕ-ին կոչ է արել կարգի հրավիրել թուրքերին:

«Բոլորը կտուժեն, եթե միջազգային համայնքը չկարողանա կանգնեցնել Թուրքիային», - ասել է Արմեն Սարգսյանը:

Ատելության և հաշվեհարդարի կոչեր հայերի հասցեին

ԱՄՆ-ում տեղակայված International Christian Concern քրիստոնեական կազմակերպությունը մտահոգություն է հայտնում ամբողջ Թուրքիայում հայերի հասցեին հնչող սպառնալիքների, անեծքների և ատելության խոսքի կապակցությամբ:

Կազմակերպության պարբերականը ներկայացնում է փաստերը՝ Իգդիրում, Ստամբուլում, Ամասիայում, Էլազիգում, Դիարբեքիրում և մի շարք այլ ավաններում ի պաշտպանություն Ադրբեջանի կազմակերպվել են ցույցեր և երթեր, որոնց ընթացքում հնչել են հայերին ֆիզիկապես ոչնչացնելու կարգախոսներ: Հայերին հայհոյելու փաստեր և նրանց հետ հաշվեհարդար տեսնելու հորդորներ տեղ են գտել նաև թուրքական մամուլում:

«Դադարեցնել աջակցությունն այն երկրներին, որոնք փորձում են ոչնչացնել հայոց քրիստոնեական քաղաքակրթությունը»

Newsweek հանդեսի մեկնաբան Գավին Վոքսը «Հայաստանի դեմ պատերազմը սպառնում է ամերիկյան շահերին» վերնագրած հոդվածում գրում է. - «Թվում էր, թե 21-րդ դարում չի կարող լինել իսլամական ագրեսիա քրիստոնեական երկրի դեմ, բայց այն կա: Ավելի վատն էլ այն է, որ ագրեսորը Միացյալ Նահանգների ֆինանսական աջակցությունն է ստանում»:

Հեղինակի փոխանցմամբ, ժամանակն է, որ Ամերիկան արձագանքի Հայաստանի վրա Ադրբեջանի և Թուրքիայի հարձակմանը:

«Եթե Ամերիկան չկարողանա զսպել Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները, ապա իմաստ չի լինի աջակցել և ռազմավարական առումով համագործակցել այդ երկրների հետ: Շատ ճիշտ քայլ կլինի դադարեցնել աջակցությունն այն երկրներին, որոնք փորձում են ոչնչացնել հայոց քրիստոնեական քաղքակրթությունը», - գրել է Գավին Վոքսը:

«Պուտինն այլևս չէր կարող չմիջամտել»

Bloomberg-ը գրում է, որ հրադադարի համաձայնությունը ձեռք է բերվել մոսկովյան երկարատև բանակցությունների արդյունքում:

Դրանք նախաձեռնել է անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորության մասին խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Bloomberg-ի զրուցակիցը՝ արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ Վլադիմիր Ֆրոլովը կարծիք է հայտնել, որ «Պուտինը, հավանաբար, ալյևս չէր կարող չմիջամտել»:

«Ղարաբաղը կարող է դառնալ ռուս-թուրքական proxy war՝ միջնորդված պատերազմ»

Al Jazeera-ի զրուցակիցը՝ Քարնեգի վերլուծական հաստատության փորձագետ Փոլ Ստրոնսին ասել է, թե ղարաբաղյան պատերազմը շատ բարդ խնդիր է Ռուսաստանի համար, Ռուսաստանը և Թուրքիան արդեն ունեն լարված հարաբերություններ Սիրիայում և Լիբիայում: «Կա վտանգ, որ Ղարաբաղը դառնա proxy war՝ միջնորդված ռուս - թուրքական պատերազմ», - կարծիք է հայտնել փորձագետը:

Սփյուռքի հայությունն աջակցում է Հայրենիքին

LA Times-ն անդրադառնում է Կալիֆորնիայի հայության արձագանքին և պատմում է Դավիթ Կորօղլյանի մասին, ով մեկնել էր Հայաստան՝ այցելելու ազգականներին, և երբ սկսվել է պատերազմը, երկու զավակներին ուղարկել է հետ՝ Ամերիկա, իսկ ինքը մնացել է, որ կռվի:

Boston Globe-ն էլ հաղորդում է Արևմտյան ափի հայերի մասին: Անքուն գիշերներ, մարդիկ օգնություն են հավաքում, տեղեկատվություն են հավաքում, փորձում են ամեն կերպ սատարել Հայրենիքին: Հայաստանյան լուրերով կիսվում են անգլալեզու բարեկամների հետ:

«Միանգամից հասկացա՝ պատերազմ է»

Reuters-ն էլ ներկայացնում է Մոսկվայի բնակիչ Ալեքսանդր Բաղդասարյանի պատմությունը: Նա մեկնել էր Լեռնային Ղարաբաղ՝ տեսակցելու ազգականներին: Սեպտեմբերի 27-ի առավոտյան հնչել են պայթյունները:

«Ես միանգամից հասկացա՝ սա պատերազմ է», - ասել է 26-ամյա մոսկվացին: Նա փոխանցել է Reuters-ին, որ գիտի կրակել, ծառայել է ռուսական բանակում, գնդացրորդ է եղել: «Եթե մենք գնանք՝ ո՞վ է պաշտպանելու այս հողը», - ասել է Ալեքսանդրը:

Giallarossi forever!

«Ռոմա» ֆուտբոլային ակումբը մարդասիրական օգնություն է տրամադրում Հայաստանին, ակումբը և դրա ֆանատներն արձագանքել են Հայաստանի հավաքականի ավագ, «Ռոմա» թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կոչին: Հագուստ, մարզական պարագաներ՝ այդ ամենը կուղարկվի Երևան:

«Մի կողմ դնենք քաղաքականությունը, «Ռոմա»-ն օգնում է երեխաներին, կանանց, տղամարդկանց», - ասել է ակումբի տնօրեն Գուիդո Ֆիենգան:

Հենոն շնորհակալություն է հայտնել ակումբին և երկրպագուներին: «Հավերժ «Ռոմա»-ի հետ, կեցցե՛ն դեղնա-կարմիրները»,- իր էջում գրել է հայազգի աստղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG