Մատչելիության հղումներ

Ֆրանսիան ողջունում է հրադադարի համաձայնությունը


Ֆրանսիայի ԱԳՆ շենքը Փարիզում, արխիվ

Ֆրանսիան ողջունում է Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատելու շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը։ «Այժմ անհրաժեշտ է խստորեն հետևել դրան, որպեսզի պայմաններ ստեղծվեն ռազմական գործողությունները վերջնականապես դադարեցնելու համար», - շաբաթ օրը հայտարարել է Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչությունը:

«Բովանդակային քննարկումները, որոնց կողմերը մասնակցում էին Մինսկի խմբի հովանու ներքո, պետք է վերսկսվեն առանց նախապայմանների», - նաև ասվում է Ֆրանսիայի արտգործնախարարության հայտարարությունում։

Հաղորդագրությունում պաշտոնական Փարիզը վերահաստատում է՝ Ֆրանսիան շարունակում է մոբիլիզացնել ջանքերը՝ իր ներդրումն ունենալու այդ համատեքստում։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից հրադադար հաստատելու համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում, որոնք մեկնարկեցին ուրբաթ օրը և շարունակվեցին շուրջ 11 ժամ՝ մինչև ուշ գիշեր:

Հրադադարը հաստատվում է մարդասիրական նկատառումներով` ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար:

XS
SM
MD
LG