Մատչելիության հղումներ

Պուտինը Մոսկվա է հրավիրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին


Ռուսաստանի նախագահը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին մարդասիրական նպատակներով Ղարաբաղում հրադադար հաստատել` գերիների և զոհերի աճյունների փոխանակման համար:

«Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ մի շարք հեռախոսազրույցներից հետո Վլադիմիր Պուտինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները», - հայտարարել է Կրեմլը:

Պաշտոնական հաղորդագրությունը նաև նշում է` այդ հարցերի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար հոկտեմբերի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հրավիրվում են Մոսկվա` Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ:

1994-ի հրադադարից հետո ամենալայնատարած ու արյունալի բախումները շարունակվում են արդեն ավելի քան 12 օր: Այս ընթացքում Հայաստանի վարչապետը հինգ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ: Նախօրեին առաջին անգամ հրապարակավ անդրադառնալով խնդրին` Վլադիմիր Պուտինը ողբերգություն էր որակել չդադարող հակամարտությունը և հույս հայտնել, որ ռազմական գործողությունները ամենամոտ ժամկետներում կդադարեցվեն։ «Ողբերգություն է, մենք շատ անհանգստացած ենք, որովհետև թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը, թե՛ Լեռնային Ղարաբաղը տարածքներ են, որտեղ ապրում են մեզ համար ոչ օտար մարդիկ: Բավական է միայն ասել, որ մեզ մոտ՝ Ռուսաստանում, ապրում է շուրջ 2 միլիոն ադրբեջանցի և մեր հաշվարկներով 2 միլիոնից ավելի հայ», - հայտարարել էր Ռուսաստանի նախագահը:

Պուտինը նաև վերահաստատել էր` Մոսկվան հավատարիմ է Հայաստանի հանդեպ ստանձնած դաշնակցային պարտավորություններին և պատրաստ է միջամտել ռազմական գործողություններին, եթե դրանք տեղափոխվեն Հայաստանի տարածք: «Ինչպես հայտնի է, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և այդ պայմանագրի շրջանակում Ռուսաստանը Հայաստանի հանդեպ որոշակի պարտավորություններ ունի: Ռազմական գործողությունները Հայաստանի տարածքում չեն ընթանում: Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից ՀԱՊԿ շրջանակներում իր պայմանագրային պարտավորությունների կատարմանը, ապա մենք մշտապես դրանք կատարել ենք, կատարում ենք և շարունակելու ենք կատարել», - ասել էր նա:

Ավելի վաղ Պուտինը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրների` Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի նախագահների հետ, հորդորել էր կողմերին անհապաղ հրադադար հաստատել և վերսկսել բանակցությունները` առանց նախապայմանների: Չնայած գերտերությունների հորդորներին` Բաքուն պնդել էր` հրադադար կհաստատվի միայն «հայկական ուժերի դուրսբերման ժամանակացույց հաստատելուց հետո»: Սեպտեմբերի 25-ից ի վեր հայկական կողմը հաղորդել է առնվազն 350 զոհերի մասին: Պաշտոնական Բաքուն սեփական բանակի կորուստները չի բարձրաձայնում: Ադրբեջանի նախագահի խոսքով, դա ռազմական գաղտնիք է, որը կհրապարակվի միայն պատերազմական գործողությունների ավարտից հետո:

XS
SM
MD
LG