Մատչելիության հղումներ

Ականատեսները պատմում են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծման մասին


Այսօր կեսօրին ադրբեջանական հրթիռի թիրախ է դարձել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցին: Պայթյունի պահին եկեղեցում եղել են կանայք, երեխաներ, զոհեր և վիրավորներ չկան:

Մի քանի մետր հեռավորության վրա գտնվող բնակելի շենքերն են վնասվել, պատուհանները` կոտրվել: Եկեղեցին Շուշիի գլխավոր հոգևոր կենտրոնն է:

«Ես տանն էի ռմբակոծության ժամանակ, իմ տան ապակիները կոտրվեցին, ես տնից դուրս եկա, եկա, տեսա, որ ահավոր բան է տեղի ունեցել», - պատմում է քաղաքացիներից մեկը:

«Ինքնաթիռներ եկան, այդ պահին մենք անգամ չհասցրինք ինքնաթիռը տեսնել, բայց պատմեցին, որ տեսնողներ եղել են այստեղ, որովհետև ուժեղ ձայն էր, հարված էր ուժեղ, և բեկորներից մենք հազիվ հասցրեցինք փախչել, բայց հետո անմիջապես վերադարձանք, որովհետև ամբողջը ծուխ էր եկեղեցին: Իհարկե, մեզ համար սա զարմանալի չի, որովհետև գիտեինք, որ իրենց ձեռագիրը դա է, և պիտի մի օր էլ խփեին եկեղեցուն, որովհետև սա է իրենց ամբողջ էությունը», - «Ազատությանն» ասաց տեղացիներից մեկը:

Տեր Անդրեաս քահանա Թավադյանը հիշեցրեց, որ մինչև հիմա այստեղ կանգուն է մզկիթը. - «Շենքը կանգնած է, վերանորոգեցին, և խնամքով պահում են մեր շուշեցիները, բայց պատասխանը, տեսանք, ինչպիսին է: Սա է իրենց ձեռագիրը, իսկ մերը` լրիվ հակառակը: Իհարկե, եկեղեցին նորից կվերանորոգվի, կգործի, մնում է, որ մենք հաղթենք և հաղթելու ենք»:

Տեղացիներից մյուսի խոսքով. - «Մեկ էլ տեսա` երկինքը սևացավ, նայեցի` 3 հատ սամալյոտ կարկուտ անելով գնացին, երկուսը եկեղեցու կողքով ֆռռացին, մեկը` դեպի կանաչ եկեղեցի, մեկը` դեպի հիվանդանոց, էս մեկն էլ 3 անգամ կրակեց ու փախավ»:

Շուշեցիներն ասում են` շարունակելու են մնալ այստեղ. - «Չեմ գնալու ոչ մի տեղ, ո՞ւր գնամ, էստեղ ծնվել, մեծացել եմ»:

XS
SM
MD
LG