Ղարաբաղյան խնդիրն արդեն միջազգային կարգավորման խնդիր է դառնալու, այսօր Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի (ԱԺ) պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, իշխանական «Իմ քայլ»-ից Անդրանիկ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ անվտանգության գոտու շրջակայքում սկսում են տեղակայվել այնպիսի տեռորիստական, ահաբեկչական ուժեր, որոնք օգտագործվում են Թուրքիայի կողմից, և դրանք մարտահրավեր են Ռուսաստանի, Իրանի համար։
«Ազատության» հարցին՝ եթե հնարավոր լինի կողմերին նստեցնել բանակցային սեղանի շուրջ, հայկական կողմն ի՞նչ օրակարգով կգնա այդ բանակցություններին, Քոչարյանը պատասխանեց․ - «Էսպես թե էնպես կողմերը նստելու են մի օր սեղանի շուրջ, բայց այդ օրակարգը լինելու է այնպիսին, որ առաջին հերթին պետք է բավարարի Արցախի ազգաբնակչության անվտանգությանը։ Եթե նախկինում խոսք էր գնում Կազանյան սկզբունքների, Մադրիդյան սկզբունքների մասին, այսօր այդ անվտանգության գոտին լրիվ այլ արժեք ունի, և այդ անվտանգության գոտին պետք է դառնա այնպիսի գոտի, որը պետք է ապահովի Արցախի անվտանգությունը։ Այստեղ խոսել շրջաններ վերադարձնելու մասին, կներեք, արդեն դառնում է աբսուրդ»։
Ճշտող հարցին, թե զիջումների մասին խոսք լինել չի՞ կարող, Քոչարյանը պատասխանեց․ - «Փոխզիջումներ, բնականաբար, պետք է լինեն, բայց չի կարող հաշվի չառնվի մեր անվտանգության գոտու կարևորությունը՝ ոչ միայն Արցախի, այլ նաև հարակից պետությունների համար ևս»։