Մատչելիության հղումներ

Ողջ գիշեր Ստեփանակերտը եղել է հրթիռակոծության տակ


Ստեփանակերտ, 7-ը հոկտեմբերի, 2020թ․

Ողջ գիշեր Ստեփանակերտը եղել է հրթիռակոծության տակ․ հոկտեմբերի 7-ի երեկոյան՝ 20։30-ից սկսած մինչև լուսաբաց որոշակի ընդմիջումներով հնչել է օդային տագնապի ազդանշանն, ինչը նշանակում է, որ երկնքում ոչ միայն անօդաչու թռչող սարք կա, այլ նաև, որ ՀՕՊ-ն է աշխատում այն չեզոքացնելու ուղղությամբ։

Արդեն պայթյունի ձայների տարբերությունից էլ հականալի է, թե որ դեպքում է ՀՕՊ համակարգն աշխատում և որն է ադրբեջանական հրթիռակոծության ձայնը։

Հրթիռակոծությունը վերսկսվեց երեկոյան 20։30-ին, մինչ այդ բավականին հանգիստ էր։ Առաջին յոթ-ութ պայթյունից հետո մոտ երկու ժամ դադար եղավ, այնուհետև մոտ մեկ-մեկուկես ժամ ընդմիջումներով դարձյալ մոտ 30-40 րոպե տևողությամբ քաղաքը հրթիռակոծվում էր։ Վնասների մասին դեռ վաղ է խոսել։

Ինչ վերաբերում է օգտագործված զինատեսակներին, ապա պաշտոնապես արդեն մի քանի անգամ հայտարարվել է, որ Ադրբեջանը Ստեփանակերտի խաղաղ բնակչության նկատմամբ կիրառել է «Սմերչ», «Պոլոնեզ» համակարգեր, ենթադրելի է, որ այս գիշեր այդ համակարգերից ևս օգտագործել են։

Այսօր առավոտյան ժամը 08։00-ի դրությամբ դեռ խաղաղ է։

Մինչև հոկտեմբերի 4-ը Արցախում զոհվել է 19, վիրավորվել՝ 80 խաղաղ բնակիչ։

Ադրբեջանական կողմն էլ հայտարարել է, որ սեպտեմբերի 27-ից սկսած հայկական կողմի հրետակոծության հետևանքով զոհվել է 27 քաղաքացիական անձ, 141-ը վիրավորվել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG