Մատչելիության հղումներ

Ադրբեջանի արտգործնախարարը վաղը կմեկնի Ժնև, Հայաստանի արտգործնախարարը երկուշաբթի՝ Մոսկվա


ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան, արխիվ

Հոկտեմբերի 8-ին Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում նախատեսված չէ, «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ արձագանքելով Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի հայտարարությանը Ժնևում կայանալիք բանակցությունների մասին:

«Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն է, որ չի կարող լինեն այնպիսի իրավիճակ, որ մեկ ձեռքով բանակցություններ վարվեն, իսկ մյուս ձեռքով վարվեն ռազմական գործողություններ Արցախի և Հայաստանի դեմ: Ներկա պահի հրամայականն է՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական լայնածավալ ագրեսիայի դադարեցումը», - ընդգծեց Նաղդալյանը:

«Ազատության» հարցին՝ քանի դեռ ռազմական գործողությունները չեն դադարեցվել, երկկողմանի բանակցություններ տեղի ունենալ չե՞ն կարող, ԱԳՆ խոսնակը պատասխանեց. «Մեր մոտ առաջնային խնդիրը, հրամայականը այս պահի՝ ռազմական գործողությունների դադարեցումն է, իսկ հետագայի մասին ես այս պահին չեմ կարող ասել»:

«Ես չեմ կարող ասել, թե ինչ բանակցություններ են լինելու Ժնևում, բայց արդեն տեսնում եմ, որ ադրբեջանական կողմը հայտարարել է, որ իրենց արտգործնախարարը Ժնևում հանդիպելու է համանախագահների հետ», - ասաց Աննա Նաղդալյանը:

Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանի արտգործնախարարը վաղը մեկնում է Ժնև։ Ադրբեջանի արտգործնախարարությունը տեղեկացնում է, որ աշխատանքային այցով Ժնև մեկնող Ջեյհուն Բայրամովի այցի նպատակը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումը և հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշման ներկայացումն է:

Հարցին էլ՝ այսինքն առանձին հանդիպումներ հնարավո՞ր է տեղի ունենան, Նաղդալյանը պատասխանեց. «Նախարարի օրակարգի ցանկացած հանդիպում, հատկապես՝ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, մենք ըստ ընդունված կարգի հանրությանը կիրազեկենք»:

Ավելի ուշ Աննա Նաղդալյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 12 -ին Հայաստանի արտգործնախարարը կայցելի Մոսկվա. «Արդեն իսկ որոշակի ժամանակ է՝ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում Մոսկվա ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցի կազմակերպման ուղղությամբ: Այցը տեղի է ունենալու հոկտեմբերի 12-ին»:

Reuters լրատվական գործակալությունն այսօր հաղորդեց, որ Ֆրանսիայի արտգործնախարարը տեղեկացրել է, թե հինգշաբթի օրը Ժնևում և երկուշաբթի օրը Մոսկվայում տեղի կունենան բանակցություններ, որոնց նպատակն է Լեռնային Ղարաբաղում պատերազմող կողմերին համոզել՝ բանակցություններ սկսել հրադադարի շուրջ։

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը, Reuters-ի փոխանցմամբ, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին ասել է, որ այդ բանակցությունները կազմակերպելու են Ֆրանսիան, Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները, որպեսզի կողմերի միջև առանց նախապայմանների երկխոսություն սկսվի։

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը, «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով հրադադարի շուրջ Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարած բանակցությունների մեկնարկին, նշեց, որ շոշափելի արդյունք ունենալու համար բանակցություններին պետք է անպայման մասնակցի նաև Լեռնային Ղարաբաղը:

Պողոսյանը հիշեցնում է՝ 1994 թվականին հրադադարի պայմանագրի կնքման ժամանակ Արցախը եղել է լիարժեք, տվյալ դեպքում՝ ստորագրող կողմ:

«Առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիարժեք մասնակցության որևէ արդյունք սպասել հնարավոր չէ, և եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները պատրաստ են Լեռնային Ղարաբաղի մասնակցությամբ հարցը քննարկելու, և դրան պատրաստ է նաև Ադրբեջանը, մենք միանշանակ ողջունում եք դա և գտնում ենք, որ միայն այդ պարագայում է հնարավոր որևէ արդյունք ապահովել», - հայտարարեց Արցախի նախագահի խոսնակը:

Հարցին՝ իսկ այս լուրը ընդհանրապես, հայտարարությունը ինչպե՞ս է գնահատում, Պողոսյանն արձագանքեց. «Եթե այն իսկապես վերաբերում է Լեռնային Ղարաբաղի մասնակցությանը, գտնում եմ, որ իրավիճակին շատ ադեկվատ հայտարարություն է»:

Նույնիսկ եթե Հայաստանը մասնակցի՝ ճիշտ չէ՞ այդ մասնակցությունը, այդ առնչությամբ էլ Արցախի նախագահի խոսնակը շեշտեց. «Գիտե՞ք ինչ, մենք կրկին պատերազմը ժամանակավորապես հետաձգում ենք, այդպես ասեմ: Այսինքն՝ սա հարցի լուծում չէ, Հայաստանի մասնակցությունը ընդամենը երկարաձգում է հաջորդ պատերազմը»:

XS
SM
MD
LG