Մատչելիության հղումներ

Գրական աշխարհի ներկայացուցիչներն իրենց խոսքը կուղղեն մեր ժողովրդին ու բանակին


«Գրական թերթ»-ի գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյան

«Արցախ, Հայաստան, Սփյույք: Հաղթելու ենք»․ այս խորագրի ներքո  բացվեց «Գրական թերթի» նախորդ համարը, որն ամբողջովին նվիրված էր Արցախում ընթացող պատերազմական  գործողություններին և դրանց արձագանքներին:

Իսկ այս ուրբաթ լույս տեսնելիք «Գրական թերթ»-ում, ինչպես «Ազատության» հետ զրույցում փոխանցեց թերթի գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը, զետեղված է լինելու Հայաստանի գրական աշխարհի ներկայացուցիչների խոսքն ուղղված մեր ժողովրդին ու բանակին՝ դառնալով գրողի խոսքի հարթակ և հրապարակ։

Խոդիկյան․ - Ազգի գերակշիռ, ամենալավագույն մասը, որը համարյա մեծամասնությունն է, ապրում է նույն զգացումով, նույն տագնապով, նույն հաղթանակի հույսով ու հավատով, բայց նաև սառը դատող բանականությամբ․․․ Մենք ենք ի վերջո, որ այս երեսուն տարիների ընթացքում ընտրել նաև այս ճանապարհը։ Երեսուն տարի եկել ենք և ամեն մի հանգրվանում ինչ-որ տեղ կիսատ ենք թողել մեր կռիվը։ Մենք պիտի ավարտենք։ Գոնե այս անգամ պիտի ավարտենք, որ էն երեխաները, որ հիմա ապաստարաններում են, որպեսզի նրանք հանգիստ և երջանիկ և՛ մանկություն, և՛ պատանեկություն, և՛ երիտասարդություն ունենան։ Վերջապես մի անգամ մեր վճռական «մենք»-ը ասենք, ի դեպ, մենք դա ասել ենք, այդ «մենք»-ը գործողություն դարձնենք, և արդեն գործողություն ենք դարձնում․․․ Եվ գիտեք ինչն է ինձ ամենաշատ վստահություն տալիս․ Երբեք Հայաստանն ու Արցախը այսքան նույն սրտի տրոփյունով չեն ապրել։ Ես էնքան ուրախ եմ, որ ջնջվել են վերջնական բոլոր սահմանները մեր պատերազմող երկու հատվածի միջև։ Հա, մենք էսօր թիկունք ենք, բայց էն թիկունքն ենք, որը մեր կռվող, ամեն վայրկյան իրենց կյանքը մեր երկրի վաղվա օրվա համար զոհող, զոհաբերող տղաները վստահ են այս թիկունքին։ Մենք միշտ սիրել ենք, միշտ փայփայել ենք մեր բանակը, բայց էս վերջին երկու տարին ինչպես որ սիրել ու փայփայել ենք, մեր ուզածով է եղել։ Նույնիսկ ամենահոռետեսը դա կհաստատի։ Եվ հիմա այդ նույն մեր սիրած, փայփայած, գուրգուրած բանակի կողքին ենք։ Դե այսքանից հետո ինչպե՞ս չասեմ, որ մենք բոլորս հիմա, մի սիրտ, մի միտք դարձած, միայմ մի նպատակի համար ենք ապրում, և ամեն մեկս իր տեղում անում այն, ինչ պետք է անի։ Հաղթելու ենք։

«Ազատություն»․ - Իրատեսական հայացքով ի՞նչ եք տեսնում, ե՞րբ կավարտվի այս ամենը։

Խոդիկյան․ - Այն, որ մենք տեսնում ենք, թե ինչպես կավարտվի, մեր տեսլականը ավելի քան իրատեսական է։ Իրենց սեփական հողի վրա ապրելու իրավունքը հաստատելու համար այս պատերազմը բոլոր մեր տված պատերազմներից տարբերվում է նրանով, որ մենք այսօր, թող ոչ մեկը չասի, որ բարձր է հնչում կամ պաթոս կա, աշխարհի վաղվա օրն ենք։ Այն, որ հաղթելու ենք, կասկած չունեմ։ Իսկ դա կլինի, հավատում եմ։ Եվ այդ հավատը ամեն օր կռվի դաշտում, առաջամարտում և թիկունքում և ապաստարաններում ծվարած մեր փոքրիկները, որ դաս են անում, այ այդ ամենը ինձ այդ ուժը, այդ հավատը, լավատեսությունը տալիս են»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG