Մատչելիության հղումներ

ՀՀ գլխավոր դատախազը Ադրբեջանի հանցագործությունների խնդիրը բարձրացրել է դատախազական միջազգային կառույցներում


Արթուր Դավթյան, արխիվ
Արթուր Դավթյան, արխիվ

Հայաստանի գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն Ադրբեջանի կողմից կատարվող խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների խնդիրը բարձրացրել է ԱՊՀ Մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի, ինչպես նաև Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի դատախազական միջազգային կառույցներում։

Ըստ հաղորդագրության, մասնավորապես, ուշադրություն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի կողմից, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով, քաղաքացիական բնակչության կյանքի համար վտանգավոր եղանակով իրականացվում են լայնածավալ ռազմական գործողություններ:

Դատախազը նշել է, որ Հայաստանի և Արցախի բազմաթիվ խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական, այդ թվում նաև բնապահպանական, բնակչության քաղաքացիական պաշտպանության, կրթական ենթակառուցվածքները թիրախավորված հարվածներ են ստանում հեռահար հրթիռների միջոցով, որոնց հետևանքով Հայաստանի և Արցախի պետական սահմանին մերձ բնակավայրերի, Արցախի՝ շփման գծից զգալիորեն հեռու քաղաքների, գյուղերի բնակչության շրջանում 20-ից ավելի քաղաքացիական անձ, այդ թվում նաև մանկահասակ երեխաներ են մահացել, մեծ թվով քաղաքացիական անձինք մարմնական վնասվածներ են ստացել, անձանց գույքին պատճառվել են մեծածավալ վնասներ։

Արթուր Դավթյանը շեշտել է նաև, որ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական գործողություններին անմիջականորեն ներգրավված են Սիրիայից և Լիբիայից տեղափոխված անօրինական զինված ահաբեկչական, ծայրահեղական խմբավորումների վարձկան զինյալներ, իսկ առկա տվյալները, ըստ դատախազի, վկայում են զինված հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածության, վերջինիս ազդեցությամբ հակամարտության էսկալացիայի խորացման մասին:

Գլխավոր դատախազը ԱՊՀ Մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդին, Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդին կոչ է արել օգտագործել իրենց կազմակերպությունների հեղինակությունն ու ազդեցությունը՝ նպաստելու Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու և իրենց միջազգային պարտավորությունները կատարելուն ուղղված միջազգային հանրության, հակամարտության կարգավորման միջնորդական առաքելության մանդատով օժտված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ ամենաբարձր մակարդակով գործադրվող ջանքերին:

Ավելի մանրամասն՝ տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG