Մատչելիության հղումներ

Արցախի նախագահը կոչ է անում ձևավորել միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կոչ է անում ձևավորել միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա:

Արայիկ Հարությունյանն իր հայտարարությունում նշել է, որ այսօր Արցախն ու Հայաստանը հայտնվել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում։

«Սակայն մեր դեպքում առանձնահատկությունն այն է, որ համաշխարհային քաղաքակրթության գոյությանը սպառնացող այս թշնամին մեր հայրենիքի դեմ դուրս է եկել արդեն ՄԱԿ անդամ պետության դրոշի տակ քողարկված, այդ պետության կանոնավոր բանակի կազմում և շատ հաճախ այդ կանոնավոր բանակի փոխարեն։

Ժամանակակից աշխարհում, երբ տառացիորեն հնարավոր չէ ոչինչ թաքցնել ոչ մեկից, բոլորն իրենց աչքերով տեսել ու արձանագրել են համաշխարհային ջիհադիստական ահաբեկչական ցանցի ներթափանցումն Ադրբեջան։ Աշխարհում որևէ պետության համար արդեն գաղտնիք չէ, որ այդ հրեշավոր տեռորիստական ցանցի թիրախում Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակչությունն է, մեր քաղաքներն ու գյուղերը, ազատ ապրելու ու մեր ճակատագիրը տնօրինելու իրավունքը», - ընդգծել է Արցախի նախագահը։

«Այդ ցանցի շարունակական սնուցումն ու կառավարումն իրականացնող Թուրքիան այսօր Բաքվի պատեհապաշտ իշխանությունների համաձայնությամբ ծառայեցնում է Ադրբեջանը՝ որպես գործիք՝ Հարավային Կովկասում համաշխարհային ահաբեկչության նոր օջախ ստեղծելու համար», - նաև հավելել է Հարությունյանը։

Նա ընդգծել է, որ աշխարհի բոլոր պետությունները անելիք ունեն «Թուրքիայի՝ Ադրբեջանը Հարավային Կովկասի ահաբեկչության որջ դարձնելու ծրագիրը ձախողելու գործում»։

«Հայաստանն ու Արցախն այսօր պայքարի առաջնագծում են, որովհետև արժանապատվորեն ընդունել են մեզ նետված մարտահրավերը։ Ու մենք պայքարելու ենք մինչև վերջնական հաղթանակ։ Սակայն սա միայն Արցախի և Հայաստանի խնդիրը չէ։

Որպես իր անկախության համար պայքար մղող պետության նախագահ՝ կոչ եմ անում քաղաքակիրթ աշխարհին ակտիվ մասնակցություն ունենալ այս պայքարում։ Համաշխարհային հակաահաբեկչական գործուն ու արդյունավետ կոալիցիայի ստեղծումը օրվա հրամայական է», - նշել է Արցախի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG