Մատչելիության հղումներ

Գյումրեցի կանայք տանը զինվորների համար քնապարկեր ու անձևանոցներ են կարում


Գյումրեցի անհատ ձեռներեց Հասմիկ Խաչատրյանը տունը վերածել է կարի արտադրամասի, որտեղ առաջնագծի համար անձրևանոցներ է կարում:

«Բնակարանն արդեն մեզ չի հետաքրքրում, մեզ հետաքրքրում է, որ աշխատանք կատարվի, օգտակար գործ կատարենք, մենք էլ էստեղ զինվոր գոնե լինենք: Ոչ մի բանով մեր զինվորներին, մեր հարազատներին, մեր առյուծներին չենք կարողանում օգնել, գոնե էսպես օգնենք: Մեր ջերմությունը, հոգին, սերը մեր հագուստների հետ ուղարկում ենք մեր զինվորներին։ Մենք մտածում ենք, որ մեր զինվորները հանկարծ չթրջվեն։ Գիշերը մի պահ հոգնած քնում են, թիկունքներին գցեն, մեր կողմից ամուր վահան կլինի ուղարկված», - «Ազատության« հետ զույցում ասաց Խաչատրյանն ու հուզված դիմեց զինվորներին․ - «Ամուր եղեք, զինվորներ ջան, ձեր թիկունքին ենք ցանկացած պահ»։

Առաջնագծի համար վերջին օրերին Հասմիկ Խաչատրյանն իր թիմով նաև քնապարկեր է սկսել կարել, մի քանի ժամում սովորել են և գործի անցել։

«Էս բարձն էլ իմ կողմից եմ դրել, որ դնեք ձեր վզի տակ, մի ժամ որ քնում եք, գոնե տաքուկ-տաքուկ հանգիստ քնեք», - ասաց տիկին Հասմիկն ու խնդրեց համաքաղաքացիներին օգնել թեկուզ տանն ունեցած կտորների մնացորդներով․ - «Մենք կկցենք, կկցմցենք ու կստեղծենք, գոնե էլի մի զինվոր գիշերը տաք կպառկի, կքնի»։

Քնապարկերը կարելու համար հատուկ մեքենաներ են պետք եղել, կոչին արագ արձագանքել է անհատ ձեռներեց Մարիամ Հարությունյանը․ - «Քնապարկերը բրդյա են, աշխատում ենք հնարավորինս հաստությունը պահել, որ տաք լինի, դիմացը ցրտերն են, որ մեր զինվորների համար տաք լինի, Աստված իրենց պահապան»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG