Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյթը հայտարարել է, որ Թուրքիան ապակայունացնում է իրավիճակը Միջերկրականում և Կովկասում:
Կահիրեում հեռուստատեսությամբ հեռարձակված ուղերձում Արաբական պետությունների լիգայի ղեկավարն ասել է, որ տարածաշրջանի բոլոր երկրները նախագահ Ռեջեփ Էրդողանին նկատել են տալիս, որ նա ի վերջո պատասխանատվություն է կրելու դրա համար:
«Էրդողանը ռազմական եղանակով միջամտում է Եգիպտոսի, Սիրիայի, Իրաքի և Լիբիայի գործերին, Էրդողանը Կովկասում միջամտում է Հայաստանի և Ադրբեջանի հարցերին, առճակատվում է Հունաստանի և Կիպրոսի հետ, հարձակվել է Միջերկրականում բնական գազ պարունակող հատվածների վրա և Ֆրանսիայի նման ազդեցիկ պետությանը ստիպել է ավիակիր ուղարկել Կիպրոս: Նույնիսկ Իտալիան, որը շատ հարցերում ըմբռնում է Թուրքիայի մոտեցումները, համերաշխություն է հայտնում Ֆրանսիային», - ասել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը:
Դառնալով Լեռնային Ղարաբաղում վերսկսված ռազմական գործողություններին, նա խոսել է սիրիացի վարձկանների մասին:
«Ինձ շատ է զայրացնում այդ հանգամանքը, շատ տխուր է, որ սիրիացի վարձկաններն Էրդողանի կողմից օգտագրծվում են Թուրքիայի հետ առնչություն չունեցող հարցերում», - ասել է Ահմեդ Աբուլ Ղեյթը:
Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը հեռուստաուղերձում նշել է, թե այդօրինակ քաղաքականությունը «վատ կվերջանա Թուրքիայի և նրա ղեկավարի համար»: