Մատչելիության հղումներ

Հրետակոծությունների հետևանքով Ստեփանակերտում և Շուշիում բնակչության շրջանում զոհեր կան


Ստեփանակերտը հոկտեմբերի 4-ին,2020թ.
Ստեփանակերտը հոկտեմբերի 4-ին,2020թ.

Ադրբեջանական կողմի հրետակոծությունների հետևանքով Ստեփանակերտում և Շուշիում խաղաղ բնակչության շրջանում զոհեր կան, «Ազատությանը» հայտնեց Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ Զոհերի և վիրավորների թիվը դեռևս չի հստակեցվում, քանի որ ըստ խոսնակի՝ փլատակների տակ գտնվող անձինք կան։ Ստեփանակերտի ուղղությամբ հրետակոծությունը գրեթե ողջ օրը չդադարեց, երեկոյան Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Շուշիում էլ թիրախավորվեցին քաղաքացիական ենթակառուցվածքները»։

Իսկ կեսօրից հետո Արցախի նախագահը հայտարարեց, որ իր հրամանով Պաշտպանության բանակը Գյանջա քաղաքում տեղակայված ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով մի քանի հրթիռային հարված է հասցրել: Հարությունյանը նաև հայտարարել է, որ ավելի ուշ հանձնարարել է դադարեցնել կրակը՝ քաղաքացիական բնակչության շրջանում անմեղ զոհերից խուսափելու համար: Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր հրապարակված տեսանյութում ասում է, որ Գյանջայի օբյեկտի խոցումը նախազգուշացնող կրակ էր։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ այնտեղից դուրս եկող ռազմական օդանավերը ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի տարածքում են ագրեսիա իրականացրել։

«Այսօր առաջին անգամ իմ հրամանով Արցախի զինված ուժերի ստորաբաժանումները հրթիռային համազարկ են տվել, նշել էի ժամանակին, հուշել էի ժամանակին, զգուշացրել էի ժամանակին, Գանձա քաղաքին: Ափսոսում եմ, որ մեր պատմական Գանձակին` Գյանջային` Կիրովաբադին, մենք նրանց զինվորական մշտական տեղակայման վայրերին խփել ենք: Խփել ենք, որովհետև նրանք են պարտադրել, ուշքի եկեք, ուշքի եկեք, որովհետև շարունակելու ենք այլ քաղաքների և եթե անհրաժեշտություն լինի, ավելի մեծ քաղաքների: Այդ կրակը եղել է նախազգուշացման կրակ, ի դեպ, հրամայել եմ դադարեցնել որոշ ժամանակ խոշոր քաղաքների հրթիռային և հրետանակոծությունը` ժամանակ տալով հակառակորդին: Հեռու պահեք խաղաղ բնակչությունը: Ուզում եմ հայտարարել, որ արդեն այդ հրամանն իմ կողմից եղել է` դադարեցնել կրակը խոշոր տրամաչափի հրթիռային և հրետանային միջոցներից խոշոր բնակավայրերի ուղղությամբ: Դուք եք սկսել այս պատերազմը, դուք եք առաջին հերթին խախտել հումանիզմի կանոնները` թիրախավորելով խաղաղ բնակչությունը: Ժամանակ ունեք, մտածեք: Շարունակելու ենք, նշում եմ, մինչև վերջին մարդ, մինչև վերջին զինվորը պատրաստ ենք զոհվելու, անհնարին է նման պարագայում հաղթել», - ասել է նա:

Պաշտոնական Բաքվի այսօրվա այն պնդումները, թե Գյանջան հրթիռակոծվել է Հայաստանի տարածքից, կեղծիք են, Հայաստանի տարածքից Ադրբեջանի ուղղությամբ որևիցե հեռահար հրետակոծություն կամ հրթիռների օգտագործում դեռևս չի իրականացվել, հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը. - «Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի տարածք որևէ հեռահար հրետակոծություն կամ հրթիռների իրագործում չի իրականացվել դեռևս, և եթե Ադրբեջանի զինված ուժերի կամ ռազմաքաղաքական ղեկավարության համար Ստեփանակերտը, Մարտունին, Հադրութը, Մարտակերտը, այլ բնակավայրերը թույլատրելի մարտական գործողությունների անցկացման վայր են, մեր Պաշտպանական բանակի, Արցախի զինված ուժերի արհեստավարժ, հմուտ ստորաբաժանումները շատ կտրուկ պատասխանում են, և Ադրբեջանի համար սարսափելի հետևանքներ են լինելու»:

Պաշտպանության նախարարության լրատվականի տարածած տեսանյությում լրագրողը նախարարին հարցնում է` «Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Հայաստանի գործողությունների պատճառով ընդլայնվելու է մարտական գործողությունների գոտին, ի՞նչ է դա նշանակում»: «Ես կարծում եմ, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարն իր խորը զինվորական գիտելիքներով երևի թե խառնել է մարտական գործողությունների ընդլայնման գոտին, որը ներառում է ՀՀ-ն, մասնավորապես արդեն իսկ Վարդենիսի շրջանի բնակավայրերը հրետակոծվել են` օգտագործելով ծանր հրետանի և անօդաչու թռչող սարքեր: Եվ եթե դա իր համար դեռևս մարտական գոտու ընդլայնում չէ, թող արդեն մասնագետները դրա եզրակացություններն անեն», - պատասխանում է նախարար Տոնոյանը:

Արցախի նախագահն իր հերթին տեսանյութում նշում է, որ խաղաղ բնակավայրերի դեմ օգտագործվում են «Սմերչ», «Պոլոնեզ», տարբեր ամենաժամանակակից հեռահար հրթիռային համակարգեր, ամեն վայրկյան Ստեփանակերտի գլխին պտտվում են տարբեր անօդաչու սարքեր:

Լեռնային Ղարաբաղում լայնածավալ ռազմական գործողությունները շարունակվում են արդեն ութերորդ օրը, հայկական կողմը վերջին պաշտոնական տվյալներով 201 զոհ ունի, Ադրբեջանը իր ռազմական կորուստները շարունակում է չհրապարակել։ Պաշտպանության բանակի հաղորդմամբ՝ այսօր առավել համառ մարտեր են ընթանում հյուսիսային և հարավային ուղղություններում։ Ղարաբաղից հերքում են Ադրբեջանի այն պնդումը, թե Բաքվի վերահսկողության տակ է գտնվում Մատաղիս բնակավայրը։ Երեկ այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր հայտարարել։

«Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնյաների թվիթերյան էջերը, իրար հերթ չտալով, հիմա էլ Ջաբրայիլի ազատագրումն են տոնում, ինչը հերթական կեղծիքն է»,- այս մասին էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

XS
SM
MD
LG