Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն փաստեր է ներկայացրել ռազմական գործողություններում թուրքական կողմի և վարձկան-ահաբեկիչների ներկայության մասին


ԱԱԾ շենքը Երևանում, արխիվ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) տեսանյութ է հրապարակել, որը, ըստ ԱԱԾ-ի, փաստեր է պարունակում ռազմական գործողություններում թուրքական կողմի մասնակցության և վարձկան-ահաբեկիչների ներկայության մասին։

Տեսանյութում ներկայացվում են մի քանի զրույցների ձայնագրություններ, առաջինը խոսակցություն է թուրք և ադրբեջանցի զինվորականների միջև, որը, ըստ ԱԱԾ-ի փաստում է, որ Թուրքիան մասնակցում է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հետ Արցախի օդային տարածքում մարտական գործողություններին։ ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութում նշվում է, թե կապի դուրս եկած զինվորականներից որն է խոսում ադրբեջաներեն, որը՝ թուրքերեն։

ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութի հաջորդ հատվածում ներկայացվում է մեկ այլ ձայնագրություն, որտեղ ադրբեջաներենով խոսող զինվորականը կապ է հաստատում մյուսի հետ և նշում, որ հարկավոր է, «այդ մարդկանց առաջ մղել»։ Ապա Ջանավար անունով մեկը Գարշկային ասում է՝ «թուրքմենների մոտ զինամթերք քիչ է մնացել», հաջորդը նկատողություն է անում՝ այդպես չի կարելի ասել, պետք է ասել՝ սահմանապահ։

Ապա ԱԱԾ-ի հրապարակած ձայնագրությունում մեկ այլ զինվորական դիմում է Լեոպարդին ու ասում, որ սահմանապահ զգեստավորների մեջ «Մահմուդ անունով մեկը կա, նրան ասեք թող կապ հաստատի հրամանատարի հետ»։ Մահմուդի որոնումները շարունակվում են ձայնագրության հաջորդ հատվածում, որոշ պահերի կապի են դուրս գալիս նաև արաբերենով խոսողներ։

ԱԱԾ ներկայացրած ձայնագրությունների վերջին հատվածն արդեն, ինչպես պնդում է Ազգային անվտանգության ծառայությունը, ցույց է տալիս, որ ահաբեկիչ վարձկանների շրջանում խուճապ կա։ Արաբերենով խոսող մեկը դիմում է Հաջիին ու ասում՝ «մեզ խաբել են, սա պատերազմ չի, սա մսաղաց է, դիակները չեն կարողանում դուրս բերել»։

Նմանատիպ մեկ այլ զրույցում արաբերենով խոսող մի ուրիշ տղամարդ ընկերոջն ասում է, որ թույլ չտա Ադրբեջան այլևս որևէ մեկը գա, քանի որ «վիճակը շատ վատ է, մենք այստեղ անտեր ենք, բոլորն ականներից են մեռնում»։ Ըստ ԱԱԾ-ի, հրապարակած ձայնագրության, արաբախոս տղամարդը շարունակում է, որ պատերազմի 2-րդ օրը շատերն ուզում էին հեռանալ, սակայն իրենց թույլ չեն տվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG