Թրամփի վարչակազմը կոչ է անում դադարեցնել Լեռնային Ղարաբաղում ծավալված ռազմական գործողությունները։ Այս մասին քիչ առաջ Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քեյլի Մաքենանին։
«Նախագահ Թրամփը, Մինսկի խմբի համանախագահ մյուս պետությունների ղեկավարների՝ նախագահներ Պուտինի և Մակրոնի հետ միասին հայտարարություն է տարածել, որով խստագույն կերպով դատապարտում է շփման գծի երկայնքով վերջին օրերին նկատվող բռնությունների էսկալացիան։
Մենք նաև կոչ ենք անում անհապաղ կերպով դադարեցնել ռազմական գործողությունները։ Կոչ ենք ուղղում նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին առանց հապաղելու առարկայական բանակցություններ սկսել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո», - հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քեյլի Մաքենանին։