Մատչելիության հղումներ

Գեղարքունիքի Սոթք համայնքը ևս հրետանակոծության տակ է եղել


Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում անցնող ամբողջ գիշերը եղել է բավականին լարված: Ողջ գիշերվա ընթացքում աշխատել է ադրբեջանական հրետանին, գյուղը եղել է հրետանակոծության տակ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր են եղել: Դրանցից մեկը հայկական ՀՕՊ համակարգը խոցել է, այն չի հասել իր նպատակակետին, ենթադրվում է, որ թիրախը տեղի դպրոցն է եղել կամ մոտակայքում գտնվող երկաթուղին: Բնակիչներն ասում են, որ խոցման հետևանքով նաև իրենց բնակավայրերն են վնասվել:

Տների պատուհանները կոտրված են, պատերը թուլացել են: Խոշորացված համայնքի ղեկավարը «Ազատությանը» փոխանցեց, որ համայնքը կփորձի իր ուժերով օգնել բնակիչներին նախնական ամրացման աշխատանքներ իրականացնել: Հրետանիի կիրառման արդյունքում վնասվել էր նաև գյուղապետի տունը, տան պարիսպը:

Այսօր Սոթքում է նաև Մարդու իրավունքների պաշտպանը, գյուղապետի հետ շրջեց տարածքում, տեսավ վնասումները:

Բնակիչներից մեկը պատմում է. - «2:15-ին պակաս էր, էտ ժամին արդեն ակոշկեքը փշրված, ջարդված էին, երեխուն էլ ասացի` վեր կաց, որ էտ ասկոլկեքը քեզ վնաս չտան: Դուրս եկանք հայաթ, տեսանք ժողովուրդը, վախեցանք դուրս գալ ճիշտն ասած: Երեխեն ասում ա` կարող ա թուրք ա մտել գյուղը, ասացի չէ, բալես, դուրս եկանք, տեսանք` ժողովուրդը հավաքված, քանդված շենքի կշտին նայում են: Դե մեր տներն էլ էսպես փշրված...Էսա մեր տունն, ո՞ւր գնանք, էստեղ պիտի մնանք, ո՞ւր գնանք, ուրիշ տեղ գնալու չունենք: Հագնված պառկում ենք, հագնված վեր կենում: Երեկ գիշերն ավելի ուժեղ էին կրակոցները»:

Գրեթե նույն իրավիճակն է եղել նաև Վարդենիսում, այստեղ միայն նշում են, որ անցնող 3 օրերի համեմատ այսօր օրվա ընթացքում համեմատաբար ավելի հանգիստ է եղել, համենայն դեպս ցերեկվա ընթացում անօդաչու թռչող սարքեր երկնքում չեն երևացել, կրակահերթի ձայներ չեն լսվել, սակայն միևնույն ժամանակ «Ազատությանը» փոխանցում են, որ առավել ակտիվ ժամեր են այդ առումով գիշերային և վաղ առավոտյան ժամերը:

Վարդենիսում նշում են, որ իրենց կամքը բավականին ամուր է, չնայած լարված իրավիճակին չեն պատրաստվում լքել իրենց բնակավայրը, նշում են` նույնիսկ հակառակ գործընթացն է իրենց մոտ. իրենց հարազատները եկել են Վարդենիս` տեղեկանալով այստեղ թեժ վիճակի մասին: Բնակիչներից մեկը խատմեց` Էջմիածնից եկել է հայրենի քաղաք, ասում է` այստեղ իր ծնողներն են, եղբայրները, րոպե անգամ չի մտածել գալուց առաջ: Երեկ էլ Երևանից հարևանն է եկել:

Տեղից հեռացողներ չունեն. - «Խոիճապ չկա, բոլորն էլ գալիս են, բոլորը կանգնած են մեր հայ ազգի առաջ, կեսն էլ պոստերում են, կեսն էլ վիրավորներին են տեղավորում»:

«Նրանք միշտ էլ Վարդենիսից վախեցած են, սաղ կյանք էլ Վարդենիսի անուն լսել, վախեցել են», - նշում են բնակիչները:

XS
SM
MD
LG