Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտում է Ղարաբաղում ռազմական գործողությունները, կոչ անում դադարեցնել դրանք


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, արխիվ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խստորեն դատապարտում է Ղարաբաղում վերսկսված ռազմական գործողությունները, որոնք սպառնում են վերածվել լայնածավալ պատերազմի: Երեկ այս հարցի շուրջ Նյու Յորքում փակ դռների ետևում անցկացրած քննարկումներից հետո կառույցի անդամ 15 պետությունները կոչ արեցին կողմերին անմիջապես դադարեցնել բախումները և անհապաղ վերսկսել բովանդակային բանակցությունները` առանց որևէ նախապայմանի:

Հայտարարությունը, որ ընդունվել է միաձայն, աջակցություն է հայտնում նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ով ավելի վաղ հեռախոսազրույցներ էր ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ և կոչ արել դադարեցնել կրակն ու հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով` Մինսկի խմբի համանախագահների հետ:

Վերջին անգամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ղարաբաղյան հակամարտությունը քննարկել էր մոտ երեք տասնամյակ առաջ`1993 թվականին: Այս անգամ քննարկումը նախաձեռնել էր Անվտանգության խորհրդի ոչ-մշտական անդամ Էստոնիան։ Ըստ որոշ հաղորդումների, բալթյան պետությանն այդ հարցում աջակցել էին նաև եվրոպական մի շարք պետություններ, այդ թվում` Անվտանգության խորհրդի մշտական անդամներ Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան։

Հայաստանի ու Ադրբեջանի դեսպանները քննարկմանը ներկա չէին, Անվտանգության խորհրդի նախագահ Աբդու Աբարրին, սական, չի բացառել, որ ՄԱԿ-ը կարող է նաև քննարկում նախաձեռնել նրանց մասնակցությամբ:

«Եթե անհրաժեշտություն լինի, մենք կխոսենք նաև երկու դեսպանների հետ, որպեսզի նրանք կարողանան փոխհամաձայնության գալ», - ըստ ՏԱՍՍ գործակալության, ասել է Անվտանգության խորհրդի նախագահը: Այլ մանրամասներ նիստից չեն հաղորդվում:

Մանրամասները տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG