Մատչելիության հղումներ

Զոհրաբ Մնացականյանն Արցախում իրավիճակի առնչությամբ նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին


Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին նամակ է հղել, որում ներկայացրել է «Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիան և դրա հետևանքով ստեղծված իրադրությունը», հայտնում է ԱԳՆ-ն:

Նախարարը տեղեկություններ է հաղորդել ադրբեջանական զինուժի կողմից տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների «դիտավորյալ թիրախավորման դեպքերի, սադրիչ գործողությունների վերաբերյալ»:

«Ագրեսիան եղել է նախապես ծրագրված, և ադրբեջանական կողմի հայտարարությունները ենթադրյալ հակահարձակման վերաբերյալ բացարձակ կեղծիք են: Ադրբեջանը երբեք չի քողարկել ուժի կիրառմամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու իր ռազմավարական նպատակը՝ շարունակաբար պահպանելով լարվածությունը շփման գծի և հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով», - նշել է նամակում Մնացականյանը:

«ԱԳ նախարարը խորապես մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից Ադրբեջանին և վերջինիս ագրեսիային ցուցաբերվող անվերապահ միակողմանի աջակցության առնչությամբ: Խստորեն դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան՝ նախարար Մնացականյանն ընդգծել է, որ հրադադարի խախտմանն ուղղված սադրիչ գործողությունները ոչ միայն միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում են, այլև հղի են տարածաշրջանային լայնամասշտաբ պատերազմի վերաճելու վտանգով», - ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

ԱԳ նախարարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը:

Նամակը շրջանառվելու է որպես ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 75-րդ նստաշրջանի փաստաթուղթ՝ օրակարգի 34-րդ (Զինված հակամարտությունների կանխարգելում), 71-րդ (Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի), 135-րդ (Պաշտպանելու պատասխանատվություն և ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելում) կետերի ներքո և որպես Անվտանգության խորհրդի փաստաթուղթ:

XS
SM
MD
LG