Լեհաստանի իշխանությունը Տաջիկստանի 5 քաղաքացի է արտաքսել, որոնք կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների հետ կապեր ունենալու մեջ և փորձել են Լեհաստանի ու Ուկրաինայի քաղաքացիներ հավաքագրել Լեհաստանում ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար։
Radio Poland-ը հաղորդում է, որ 4 տաջիկները ձերբակալվել էին մայիսին, իսկ հինգերորդը դեկտեմբերին հեռացել էր Լեհաստանից, բայց միջազգային հակաահաբեկչական կազմակերպության միջոցով հայտնաբերվել ու ձերբակալվել էր։ Ըստ Լեհաստանի անվտանգության ծառայության, նա պատրաստվում էր Սիրիա մեկնել` ահաբեկիչներին միանալու նպատակով։
Արտաքսված տաջիկների մուտքը Լեհաստան ու Շենգենյան գոտու երկրներ ընդմիշտ արգելված է։
Անցած ապրիլին Գերմանիայում ևս Տաջիկստանի 4 քաղաքացիներ էին ձերբակալվել` ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու կասկածանքով։