Մատչելիության հղումներ

Փաշինյանը Մերկելին կոչ է արել գործադրել ամեն ջանք Թուրքիայի «ագրեսիվ կեցվածքը սանձելու համար»


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, արխիվ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, հայտնում են կառավարությունից:

Հայաստանի վարչապետը ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում: Նա նշել է, որ Արցախը ենթարկվել է Ադրբեջանի ագրեսիային և խիստ մտահոգություն հայտնել շարունակվող ռազմական գործողություններով, որոնք սպառնում են Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգությանը: Նա հավելել է, որ հուլիսյան դեպքերից ի վեր Թուրքիան աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում տարածաշրջանում: Վարչապետ Փաշինյանը Գերմանիայի կանցլերին կոչ է արել գործադրել ամեն ջանք Թուրքիայի ագրեսիվ և ապակառուցողական կեցվածքը սանձելու և տարածաշրջանում նրա ներգրավվածությունը բացառելու համար:

Գերմանիայի կանցլերն իր խոր մտահոգությունն է հայտնել ստեղծված իրավիճակով: Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք և ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:

XS
SM
MD
LG