Մատչելիության հղումներ

«Յուրաքանչյուրիս պարտքն է». Արյունաբանական կենտրոնում մարդկանց հոսքը չի դադարում


Արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով Արյունաբանական կենտրոնում մարդկանց հոսքը չի դադարում։

Արյան բաղադրամասերի պաշարման բաժանմունքի վարիչ Անդրանիկ Շամիլյանի խոսքով՝ արյուն հանձնած հարյուրավոր քաղաքացիների թիվը րոպեների ընթացքում ավելանում է․ «Հոսքը շատ մեծ է, մեր ամբողջ ժողովուրդը մի մարդու նման վեր է կացել, ուզում է ինչ-որ բանով օգնի մեր զինվորներին։ Մեծ հերթեր են կուտակվում, բայց և շատ մեծ քանակի էլ արյուն ենք պաշարում ու ուղարկում համապատասխան վայրեր»։

Միայն արյան քանակը չէ, որ պետք է ապահովեն, նախ որակն է կարևորվում, դրա համար էլ հերթեր են կուտակվում, ասում է Շամիլյանը։

«Անվտանգություն, խումբ, ռեզուս, մինչև արյունը հարյուր տոկոսով մշակումները չի անցնում, բաց չի թողնվում։ Չստուգված արյուն չի գնում, դրա համար մեր ժողովրդին խնդրում ենք, որ մի քիչ ներողամիտ լինեն էս հերթերի կուտակից, քանի որ բացի քանակից մենք պետք է որակի մասին էլ մտածենք», - նշեց Անդրանիկ Շամիլյանը։

Այսօր արյունաբանականում հատկապես շատ էին երիտասարդները։ Կամավոր դոնորության եկածները ժամեր շարունակ սպասում են իրենց հերթին:

«Ընդհանրապես յուրաքանչյուրիս պարտքն է, հասկանում ենք, որ օրհասական պահ է, այս պահին մենք՝ հասարակ մահկանացուներս սրանով կարող ենք օգտակար լինել ազգին, մեր զինվորին, սահմանին կանգնած եղբորը: Չենք կարող կողքին լինել ֆիզիկապես, գոնե մեր արյան կանչով գնանք մեր արյունը հանձնենք: Առավոտ ժամը 10-ից այստեղ ենք, սպասում ենք ու կսպասենք ինչքան պետք լինի, որովհետև մեզ ոչ ոք չի պարտադրել, ոչ ոք չի հորդորել, ոչ ոք խորհուրդ չի տվել, մենք եկել ենք մեր սեփական ցանկությամբ, մեր սեփական գիտակցությամբ, այնպես որ ինչքան պետք լինի, այնքան էլ պետք է սպասենք», - ասաց հավաքվածներից մեկը:

Արյունաբանական կենտրոնի աշխատակիցները կենտրոնի դիմաց հավաքված այն քաղաքացիների տվյալներն էին հավաքագրում, որոնք այսօր այլևս չէին կարող արյուն հանձնել՝ հերթերի պատճառով։

«Հավաքագրում են այն մարդկանց տվյալները, ովքեր պատրաստ են արյուն հանձնելու, որպեսզի անհրաժեշտության դեպքում կանչեն հիվանդանոցից ու իրենք մոտենան, որովհետև հերթեր կան, շատ մեծ քանակով ցանկացողներ կան», - նշեց նրանցից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG