Մատչելիության հղումներ

Ադրբեջանական զինուժը նպատակային թիրախավորել է նաև քաղաքացիական բնակչությանը. Արցախի օմբուդսմեն


Երեկ առավոտից սկսած Ադրբեջանը թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը, «Ազատության» եթերում հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: Նրա խոսքով՝ Ադրբեջանը խաղաղ բնակչության դեմ կիրառել է հրթիռահրետանային միջոցներ ու հարվածային անօդաչու թռչող սարքեր: Հայկական կողմը մոտ երեք տասնյակ վիրավոր ունի քաղաքացիական բնակչության շրջանում, հարյուրավոր ենթակառուցվածքներ են վնասվել:

«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդման շրջանակում Արցախի օմբուդսմենի հետ զրուցել է Հրայր Թամրազյանը:

Ստորև՝ հատված հարցազրույցից.

Արտակ Բեգլարյան. – Ինձ համար արդեն այս պահին ակնհայտը, որ կարող եմ արձանագրել, այն է, որ ադրբեջանական զինված ուժերը նպատակային և հասցեական կերպով թիրախավորել են նաև քաղաքացիական բնակչությանը:

Իրենք, իհարկե, հասցեական կերպով նաև թիրախավորել են ռազմական օբյեկտներ, ինչը տրամաբանական է, բայց քաղաքացիական օբյեկտները, ակնհայտ է, որ մի մասը առնվազն բավականին մեծ հեռավորության վրա են գտնվել ռազմական տարբեր օբյեկտներից, և նույնիսկ բնակավայրեր են եղել, որոնք շատ մեծ՝ կիլոմետրերով կամ տասնյակ կիլոմետրերով, հեռու են եղել որևէ ռազմական օբյեկտից, և այս բնակավայրերը նույնպես թիրախավորվել են:

Դրանից կարող ենք մենք բխեցնել, որ քաղաքացիական բնակչությանը թիրախավորելը նաև ունեցել է առանձին միտում, առանձին նպատակ, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է:

Ստեփանակերտում էլ ակնհայտորեն քաղաքացիական թաղամասեր են թիրախավորվել, ներառյալ նաև դպրոցներ, որոշ դպրոցներ, օրինակ՝ 10-րդ դպրոցը Ստեփանակերտի, 4-րդ դպրոցը Ստեփանակերտի, որոշակի վնասներ են կրել: Ուղղակի բարեբախտաբար կիրակի օր էր, դասի օր չէր, այդ պատճառով դպրոցում երեխաներ չեն եղել և չեն վնասվել:

«Ազատություն». – Իրենք էսպիսի մի հայտարարություն էին տարածել, որ զգուշացնում են այդ տարածքների, որոնք իրենք պնդում են, թե իրենցն են, այդ տարածքների բնակչությանը՝ հեռանան ռազմական օբյեկտներից, որպեսզի չվնասեն: Հիմա, իրենք կարող են ասել, թե զգուշացրել են բնակչությանը, այնպես որ՝ եթե, ասենք, իրենց մեղադրանք ներկայացվի, իրենք կարող են դա ասել, բայց դուք, իհարկե, ուրիշ վկայություններ ունեք, չէ՞:

Բեգլարյան. – Այո, ես այսպես ասեմ՝ Ադրբեջանի իշխանությունների համար ամբողջ Արցախը ռազմական օբյեկտ է՝ իմ տպավորությամբ: Եվ իրենք որևէ տարբերակում չեն էլ դնում՝ որտեղ է ռազմական օբյեկտ, որտեղ՝ չէ, և իրենց տարիների քարոզչությունը ցույց է տալիս, որ իրենք ներկայացնում են, որ Արցախում քաղաքացիական բնակչություն չկա էլ՝ բոլորը զինվորականներ են կամ զինվորականների ընտանիքի անդամներ են, ինչը, բնականաբար, աբսուրդ է, և Արցախ այցելած անձինք գիտեն, որ ճնշող մեծամասնությունը քաղաքացիական բնակչություն է: Եվ իրենց այդ կոչը ուղղակի թոզ փչելու փորձ է միջազգային հանրության աչքերին, որ՝ «տեսեք, մենք մեր միջազգային մարդասիրական իրավունքից բխող պարտավորությունները կատարում ենք և զգուշացնում ենք», բայց ակնհայտորեն քաղաքացիական բնակչությանը թիրախավորելով՝ նաև ենթադրում է, որ նպատակ ունեին խուճապ ստեղծել և՛ բնակչության, և՛ զինծառայողների շրջանում, ինչը չի հաջողվել նրանց:

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի սեպտեմբերի 27-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG