Մատչելիության հղումներ

Թուրքիայի իշխանական վերնախավը շարունակում է մեղադրել Հայաստանին


Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքար, արխիվ

Թուրքիայի իշխանական վերնախավը շարունակում է Հայաստանի հասցեին մեղադրանքներ հնչեցնել և բացահայտ աջակցություն հայտնել Ադրբեջանին:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, թե «Կովկասում խաղաղության և կայունության համար ամենամեծ խոչընդոտը Հայաստանի հարձակվողական կեցվածքն է»:

«Հայաստանը պետք է հրաժարվի տարածաշրջանը կրակի մատնող հարձակվողականությունից», - հայտարարել է Աքարը՝ հերթական անգամ իրենց աջակցությունը հայտնելով «ադրբեջանցի եղբայրներին»:

Երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը ևս Հայաստանի հասցեին դատապարտող հայտարարություն է հնչեցրել: Չելիքը իր թվիթերյան էջում գրել է. - «Հայաստանը կրակի հետ է խաղում և վտանգում տարածաշրջանային խաղաղությունը: Այս հարձակումը կրկին ցույց է տալիս, որ Հայաստանը անտեսում է միջազգային իրավական նորմերը: Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Հայաստանին»:

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը ավելի հեռուն է գնացել՝ Հայաստանն անվանելով «ահաբեկիչ պետություն»: «Քաղաքացիական բնակչության վրա վերջին հարձակումները ցույց են տալիս, որ Հայաստանը ոչ միայն Ադրբեջանի համար է սպառնալիք, այլև տարածաշրջանային խաղաղությունը խաթարող ահաբեկչական պետություն է և բոլոր հետևանքների միակ պատասխանատուն է լինելու: Թուրքիան շարունակելու է կանգնել Ադրբեջանի կողքին իր ողջ կարողությամբ», - Թվիթերում գրել է Շենթոփը:

Այսօր առավոտյան հայկական կողմը հաղորդեց Արցախի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի սկսած հարձակման մասին՝ շփման գծի ամբողջ երկայնքով:

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք:

XS
SM
MD
LG