Մատչելիության հղումներ

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը կազմակերպել է Կոմիտասի ծննդյան օրվան նվիրված բացօթյա համերգ


Այսօր Կոմիտաս վարդապետի ծննդյան օրն է:

Անցյալ տարի ազգովի և համապետականորեն նշեցինք նրա ծննդյան 150-ամյա հոբելյանը, որը նշանավորվեց հրաշալի համերգներով, երեկոներով, նոր գրքերով և այլ իրադարձություններով ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի մի շարք երկրներում:

Այսօր առավոտյան, ինչպես ամեն տարի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներն ու դասախոսները, մեր անվանի երաժիշտներն ու երաժշտագետները և մեծ երաժշտի արվեստի երկրպագուները ծաղիկներ խոնարհեցին նրա շիրիմին՝ նրա անունը կրող պանթեոնում, դե իսկ երեկոյան էլ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հրավիրում է Կոմիտասի ծննդյան օրվան նվիրված բացօթյա համերգի՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյան) և Կոմիտասի անվան լարային ազգային քառյակի մասնակցությամբ:

Ինչպես այսօր «Ազատության» հետ զրույցի ընթացքում նշեց անվանի երաժշտագետ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Երաժշտության պատմության ամբիոնի վարիչ Լուսինե Սահակյանը, մենք յուրաքանչյուր տարի պարտավոր ենք նշել մեծագույն հանճարի՝ Կոմիտաս վարդապետի ծննդյան օրը:

«Նա այն հանճարն է, այն մեծությունն է, այն երևույթն է, որին մշտապես հավասարեցրել ենք, մեր իրականության, մեր ժողովրդի համար Մեսրոպ Մաշտոցի հետ, դրա համար այս տարի ևս այս խորհրդանշական օրը այնպես, ինչպես կարող ենք, մեր ուժեով, «Հովեր» երգչախմբով, մեր քառյակը, որը ևս իր խորհրդանշական դերակատարումն ունի՝ Կոմիտասի ծնունդը նշելու: Կոմիտասը, որպես հայկական դասական կոմպոզիտորական մտածողության հիմնադիր, հսկայական նշանակություն ունի մեզ համար», - ասաց Սահակյանը:

Անգնահատելի է այն հսկայածավալ ներդրումը, որը բերեց Կոմիտասը մեր արվեստի պատմության մեջ, մասնավորապես, երաժշտագիտակ դպրոցի հիմնադրման ու զարգացման մեջ, սա անվիճարկելի փաստ է, ընդգծում է Լուսինե Սահակյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG