Մատչելիության հղումներ

Լևոն Բարսեղյան․ Այդ երեք հոգուն այնտեղ փոխելով Հայաստանում արդարադատությունը չի վերականգնվում


Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյան
Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյան

«Ազատության» զրուցակիցը Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն է:

«Ազատություն». - Ինչպե՞ս կգնահատեք Սահմանադրական դատարանում ստեղծված վիճակը:

Բարսեղյան. – Չի լուծվել ճգնաժամը:

«Ազատություն». – Իշխանությունը ունե՞ր այլընտրանք, եթե, օրինակ, Դատավորների ընդհանուր ժողովը Խունդկարյանին չէր առաջադրում: Ասենք, չլիներ նա` պայմանական մի ուրիշ Խուրդկարյանին էին ուղարկելու... սրբեր չեն այդ դատավորները:

Բարսեղյան. – Ոչ մեկը սուրբ չէ: Ազգային ժողովը կարող էր չընտրել: Հետո պիտի դատավորները այլ մարդու կամ նույն մարդուն առաջադրեին: Էլի կարող էր չընտրել: Սրանով ինքը իր քաղաքական կամքը կհայտներ, որ` ձեր ներկայացրած այսինչ թեկնածուն մենք համարում ենք անպիտան Սահմանադրական դատարանի համար: Բայց, ինչպես հայտնի է, Ազգային ժողովը որոշեց, որ պիտանի է: Ոչ միայն պարոն Խունդկարյանը, այլև մյուս երկուսը և ընտրեց նրանց: Դրանով ստանձնեց իր քաղաքական պատասխանատվությունը: Մարդկանց կարծիքը, վերաբերմունքը ինչ-որ չափով փոփոխվեց Ազգային ժողովի հավաքական մեծամասնության մասին` դրանից բխած հնարավոր հետևանքներով: Խնդիրն ավելի խոշոր էր. դա Հայաստանում արդարադատության ճգնաժամն էր: Ոչ թե Սահմանադրական դատարանի ճգնաժամը ընդամենը: Այդ երեք հոգուն այնտեղ փոխելով Հայաստանում արդարադատությունը չի վերականգնվում: Այսինքն` այդ խնդրի լուծումը պիտի լիներ համալիր, ոչ թե հատվածական: Մի հատվածական բան էլ քնքշավետ վեթինգն է, փափուկ վեթինգը, ինչը ի վերջո վարչապետին կարողացավ համոզել Արդարադատության նախարարը:

«Ազատություն». – Եթե ընդհանրացնեմ դատական բարեփոխումների մասին իշխանությունների ասածը, Դուք էլ եք նաև երևի դրա հասցեատերը, որ քննադատելը, ասելը հեշտ է, բայց միանգամից ազատել աշխատանքից դատավորներին կամ բանտարկել չենք կարող, դատական համակարգը կաթվածահար կլինի, աստիճանական ենք առաջ գնում: Ես այս ճանապարհին կարող եմ վկայակոչել, ասենք, բարեվարքության ինստիտուտը, էդ հակակոռուպցիոն հանձնաժողովի միջոցով ապօրինի հարստացածների գույքի բռնագանձումը: Այսինքն` դա արվում է, այնպես չէ, որ ոչինչ չի արվում:

Բարսեղյան. – Ուզում եմ համաձայնել իշխանության հետ, որ քննադատելը հեշտ է, սակայն իշխանությունը պիտի հիշեցնեմ, կամ երևի տեղյակ չէ, տեղեկացնեմ, որ ամենադժվար բանը քվե տալն է: Քվեն տալուց հետո քննադատելը իսկապես հեշտ է: Նեղանալու բան չէ դա, նեղվելու, դժգոհելու. ո՞նց եք քննադատում, ինչո՞ւ եք քննադատում... Լավ ենք անում քննադատում ենք: Ձեր վճարողն ենք, քննադատում ենք: Եվ իշխանությունը բազմիցս ասել է, թե իշխանությունը ում է պատկանում: Եթե շատ ընդհանուր ասեմ արածը անցումային արդարադատության մասով, 10 միավորից երևի թե 2,5-3 միավոր եմ գնահատում ես: Սա իմ մասնավոր գնահատականն է: Իշխանությունը կարող է ասել, որ չէ, մենք տասից տասներկուս ենք արել, գլխներիցս վեր ենք թռել, անհնարինն ենք արել: Լավ, ի վերջո, մենք սխալ ենք, բոլորը սխալ են. վարչապետն է ասել մեկ տարի չորս ամիս առաջ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դեմ վճիռներ պարտված, ակնհայտ ապօրինություններ գործած [դատավորները] պիտի գործ չունենան դատական համակարգին հետ: Սա քաղաքական հայտարարություն է և դիրք է, և դա ողջունել են շատ-շատերը, երևի մի 300 հոգի չի ողջունել Հայաստանում այդ միտքը: Հիմա ի՞նչ է փոխվել էս տարիուկեսի ընթացքում: Ձեր նշած դատավորներից մեկին Դուք դարձրել են Սահմանադրական դատարանի անդամ և նախագահի թեկնածու: Ինչո՞ւ եք փոխել Ձեր դիրքորոշումը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG