Մատչելիության հղումներ

Հարձակում Charlie Hebdo-ի խմբագրատան մոտակայքում


Charlie Hebdo հանդեսի խմբագրատան մոտակայքում հարձակման ենթարկված անձին փոխադրում են հիվանդանոց, Փարիզ, 25 սեպտեմբերի, 2020թ.
Charlie Hebdo հանդեսի խմբագրատան մոտակայքում հարձակման ենթարկված անձին փոխադրում են հիվանդանոց, Փարիզ, 25 սեպտեմբերի, 2020թ.

Փարիզում Charlie Hebdo երգիծական հանդեսի խմբագրատան մոտակայքում երկու մարդ ենթարկվել է հարձակման, որի ընթացքում սառը զենք է կիրառվել:

Տուժածներից մեկը ծանր վիճակում է, սակայն, ըստ բժիշկների, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ականատեսների փոխանցմամբ, հարձակվողի ձեռքում մեծ դանակ կամ կտրող-ծակող այլ գործիք է եղել: Այդ անձը փախուստի է դիմել, սակայն ավելի ուշ ձերբակալվել է: Որոշ ժամանակ անց ոստիկանները կարողացել են ձերբակալել նաև երկրորդ կասկածյալին:

Երկու կասկածյալներից մեկը 18-ամյա պակիստանցի է: Նրա, ինչպես նաև մյուս կասկածյալի անունները չեն հրապարակվում: Հաղորդվում է, որ երկրորդ ձերբակալվածն էլ «հնդկական կամ պակիստանյան ծագում ունեցողի արտաքին ունի»:

Հարձակման ստույգ շարժառիթների մասին տեղեկություն չկա, սակայն իրավապահները գրոհն արդեն որակել են որպես «ահաբեկչություն»:

2015 թվականին մահմեդական ծայրահեղականները գնդակահարել են երգիծական հանդեսի խմբագրատան 12 աշխատակիցներին:

Հարձակումը կատարած Քուաշի եղբայրներն այն ժամանակ սպանվել են ոստիկանների հետ փոխհրաձգության ընթացքում, մինչդեռ այս օրերին ընթանում է 2015 թվականի հարձակման հետ առնչություն ունեցող մնացած ամբաստանյալների դատավարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG