Մատչելիության հղումներ

Մայր թատրոնը 99-րդ թատերաշրջանը բացում է բացօթյա ներկայացմամբ


Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի շենքը

«Սեր, խրախճանք, ժանտախտ» խորագրով բացօթյա ներկայացմամբ այսօր երեկոյան Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը սկսում է իր 99-րդ թատերաշրջանը: 

Ներկայացման հեղինակը երիտասարդ, բայց արդեն մի շարք ուշագրավ բեմադրությունների ռեժիսոր Լիլի Էլբակյանն է:

Ներկայացումը ստեղծվել է Ջովաննի Բոկաչչոյի հանրահայտ «Դեկամերոնի» հիման վրա: Վաղ վերածննդի իտալացի հանրահայտ գրող Բոկաչչոյի 100 նովելներից բաղկացած «Դեկամերոն» խորագրով գիրքը մեծ ճանաչում էր գտել ոչ միայն իր ժամանակներում, այլև պահպանել է իր գրավչությունը մինչև մեր օրերը: «Դեկամերոնի» հերոսները 18-28 տարեկան անձինք են և, ինչպես «Ազատության» հետ զրույցում շեշտում էր Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, ներկայացման մեջ էլ ընդգրկված են երիտասարդ, խոստումնալից դերասաններ, որոնք հրաշալի են մարմնավորում կերպարները:

Վարդան Մկրտչյան. – Մեր թատերաշրջանը բացում ենք շատ յուրահատուկ ձևով, հերթական անակնկալն ենք մատուցում մեր հանդիսատեսին: «Դեկամերոնը» վերցրեցինք, որովհետև նախ համաճարակի, ժանտախտի թեման արծարծված է, և մեր հերոսները փաստացի փորձում են խուսափել դրանից: Եվ ինքը հետաքրքիր, հետաքրքրությունը չկորցնող է: Կարծում եմ, մեր բեմադրիչին` Լիլի Էլբակյանին, որին հրավիրեցինք այս գործը անելու... Առաջարկն իրենն է, որը մենք սիրով ընդունեցինք: Նա կարողացել է շատ նուրբ ձևով կապել էս ամբողջը իրար: Համավարակի թեման կա, բայց իհարկե լույսը կա, ամենակարևորն այն է, որ ներկայացման մեջ լույսը կա, հումորը կա, սերը կա, խրախճանքը կա: Բայց նաև կա այդ համավարակային իրականությունը, որին մեր հերոսները հաղթում են:

«Ազատություն». - Շարունակելո՞ւ եք բացօթյա ներկայացումների այդ փորձառությունը:

Մկրտչյան. – Ստեղծել ենք բոլորովին նոր միջավայր: Ինչպես ձեզ հայտնի է, մենք 2019 թվականի փետրվարի 19-ին բացեցինք «Սև տուփ» փոքր թատրոնը: Սա կոնցեպտ է, սա ծրագիր է, որ մենք մեր թատրոնի բոլոր անկյուններին պիտի տեր կանգնենք, բոլոր անկյունները թատրոնի պիտի շնչեն, պիտի հանդիսատեսի համար դառնան հետաքրքիր: Հիմա մենք գրավիչ և հետաքրքիր ենք դարձնում «Սև տուփի» մոտ գտնվող բակը, որտեղ ստեղծել ենք նոր միջավայր, նոր մթնոլորտ: Այս առումով աշխատանքը բավական մեծ և ծավալային է, և ես շատ շնորհակալ եմ իմ բոլոր գործընկերներին` մեր դերասաններին, մեր տեխնիկական, ադմինիստրատիվ կազմին: Այս բոլորիս ջանքերն է, որ ստեղծվել է մի նոր հարթակ, մի նոր միջավայր մեր հանդիսատեսի համար: Այո, պիտի շարունակենք բացօթյա ներկայացումները, պիտի որոնենք այլ հարթակներ, որովհետև 21-րդ դարի թատրոնը չի կարող լինել կարծրացած, չի կարող լինել միակերպ: Այն պետք է լինի ճկուն, պետք է լինի արագ, բազմապրոֆիլ և այսօրվա կյանքի տեմպից իրավունք չունի շատ հետ մնալու: Նաև ասեմ, որ հոկտեմբեր ամսին մեծ թվով ներկայացումներ ենք նախատեսել. մինչև ամսի 18-ը շաբաթական երեք ներկայացում դրել ենք, որպեսզի մեր հանդիսատեսին չնեղացնենք: Ցավոք սրտի, ունենք ընդամենը 50 հանդիսատեսի հյուրընկալելու հնարավարություն, որովհետև պահում ենք համապատասխան սոցիալական հեռավորություն... այդ բոլոր ցուցումները մենք պետք է հարգենք, և դրա արդյունքում հանդիսատեսի թիվը կրճատվել է:

Հավելենքո, որ «Սեր, խրախճանք, ժանտախտ» ներկայացումը հանդիսատեսին կմատուցվի նաև սեպտեմբերի 26-ին և 27-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG