ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը միջազգային հանրությանը կոչ է արել նորովի ըմբռնել բազմակողմանիության և ազգային ինքնիշխանության վրա հիմնված համաշխարհային կառավարման գաղափարը և այն համապատասխանեցնել 21-րդ դարի կարիքներին: Այդ մասին Գուտերեշն ասել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում, որն անցկացվել է «Համաշխարհային կառավարումը կորոնավիրուսի համավարակից հետո» խորագրի ներքո:
«Մեզ խիստ անհրաժեշտ են համաշխարհային համաձայնության և արժեքների վրա հիմնված բազմակողմ հաստատություններ, որոնք կկարողանան վճռական գործել, որոնք կլինեն արդար և ավելի լավ կներկայացնեն զարգացող աշխարհը, այդպես է հնարավոր համաշխարհային սեղանի շուրջ համամասնության կարգով ապահովել բոլորի ներկայությունը»,- ասել է Գուտերեշը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխանցմամբ, կորոնավիրուսի համավարակը սկսվել է աշխարհաքաղաքական լարվածության ժամանակաշրջանում և լրացրել է մարդկությանը սպառնացող վտանգների ցանկը:
Վարակը տարածվում է անկանխատեսելի և վտանգավոր եղանակով, այն արդեն ախտահարել է ավելի քան 30 միլիոն մարդկանց և սպանել է գրեթե մեկ միլիոն մարդ:
COVID-19-ը վկայում է, որ մարդկությունը պատրաստ չէ համագործակցության, միասնության և համերաշխության եղանակով պայքարել համաշխարհային վտանգների դեմ:
Գուտերեշն ասել է, թե աշխարհը պետք է դասեր քաղի, քանի որ համավարակը քննություն էր, որը «մարդկությունն ամբողջությամբ տապալել է»: