Կենտուկիի նահանգի Լուիսվիլ ավանում երկու օր շարունակ բողոքի ակցիաներ են, որոնք սկսվել են այն բանից հետո, երբ դատարանը որոշել է մարդասպանության մեղադրանք չներկայացնել սևամորթ կին Բրեոնա Թեյլորին բնակարանի խուզարկության ընթացքում հրազենով սպանած երեք ոստիկաններին:
Նահանգի իշխանությունները 600 հազար բնակչություն ունեցող Լուիսվիլում պարետային ժամ են սահմանել, հավաքները և երթերն արգելվել են: Ձերբակալված է ավելի քան 125 մարդ, զանգվածային անկարգությունների ընթացքում գրանցվել են խանութների և հիմնարկների հրկիզումներ և թալան:
Ոստիկանները ներխուժել են Թեյլորի բնակարան այն բանից հետո, երբ տեղեկություն են ստացել այդ շենքում թմրադեղի ապօրինի վաճառքի մասին:
Կինն այդ պահին իր ընկերոջ՝ Քենեթ Ուոքերի հետ էր, ով անմիջապես հրազենով կրակ է բացել: Ի պատասխան դրան ոստիկաններն արձակել են 32 փամփուշտ, որոնցից 6-ը սպանել են մասնագիտությամբ բուժքույր 26-ամյա սևամորթ կնոջը:
Տղամարդը չի տուժել, միջադեպից հետո նա ասել է, թե զենքի է դիմել` համոզված լինելով, որ ավազակներ են ներխուժել բնակարան: Ոստիկաններից երկուսը վիրավորվել են, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
«Նրանք կապաքինվեն, այն, ինչ տեղի ունեցավ՝ հրազենի կիրառումը ոստիկանների դեմ, պարզապես անընդունելի է»,- ասել է Լուիսվիլի քաղաքապետ Գրեգ Ֆիշերը:
Քաղաքի սևամորթ բնակիչների համոզմամբ, տեղի ունեցածը Միացյալ Նահանգներում ռասայական խտրականության հերթական դրսևորումն է: