Մատչելիության հղումներ

Կարևոր է իմ սկզբունքների և արժեքների հետ ներդաշնակ լինել. Աբրահամյանը` մանդատը վայր դնելու մասին


«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լուսինե Բադալյանը (ձախից) և Գայանե Աբրահամյանը (աջից)

Որոշումը հեշտ չի տրվել, բայց չափազանց կարևոր է իմ սկզբունքների և արժեքների հետ ներդաշնակ լինել` մեր պետության ու ժողովրդի ապագայի համար կարևորագույն որոշումներ կայացնելիս, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը` անդրադառնալով մանդատը վայր դնելուն:

«Լիովին գիտակցելով, որ մանդատ ստանձնելիս կառավարող ուժի և քաղաքացիների կողմից տրվել էր հսկայական պատասխանատվություն և վստահություն, որը պետք է նպատակակետին հասցնեի, սակայն հստակեցնեմ` պատգամավորի մանդատը դիտարկել եմ որպես միջոց` խնդիրների լուծման և մեր հռչակած բարեփոխումների մեծածավալ աշխատանքն իրականացնելու համար, և այս առումով արդյունավետությունը կարևորագույնն է, այլապես մանդատն ու կարգավիճակը կդառնան ինքնանպատակ, որն ինձ համար անընդունելի է։

Վստահեցնում եմ, որ այս որոշումը հեշտ չի տրվել, բայց չափազանց կարևոր է իմ սկզբունքների և արժեքների հետ ներդաշնակ լինել` մեր պետության ու ժողովրդի ապագայի համար կարևորագույն որոշումներ կայացնելիս։ Երբեք պատասխանատվությունից և պայքարից չեմ խուսափել, մանդատը ստանձնելիս, որպես առնվազն քսանամյա փորձ ունեցող լրագրող, գիտակցում էի, որ կլինեն քաղաքական որոշումներ, որոնց հետ հաշտ չեմ լինի, սակայն յուրաքանչյուրս՝ անհատական տիրույթում, մեր գործունեության առանցքում դնում ենք արժեհամակարգային սահմանագիծ, որը հատել կնշանակի առավել կարևորել կարգավիճակը որպես նպատակ, այլ ոչ թե միջոց», - նշել է նա իր գրառման մեջ։

Այնուհետև Աբրահամյանը ներկայացրել է` իր պատգամավորական գործունեության ընթացքում ինչ ուղղություններով է աշխատել, ամփոփելով գրել է. «Ինչպես երկու տարի առաջ, այսօր էլ ես նույնչափ համոզված եմ, որ Թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը մեր նորագույն պատմության նշանակալի էջերից է, և հիմա, առավել քան երբևէ, մենք ունենք ժողովրդավար և հզոր Հայաստան կառուցելու ամենաիրական հնարավորությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG