Մատչելիության հղումներ

Մանկատան դայակները կալանավորվել են սաներին խոշտանգելու մեղադրանքով


Երևանի «Մանկան տան» երեք աշխատակիցներ կալանավորվել են մանկատանը իրենց խնամքի տակ գտնվող սաներին խոշտանգելու մեղադրանքով։

«Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՊՈԱԿ-ի աշխատակցուհիները պարբերաբար դաժան վերաբերմունք են ցուցաբերել, այն է՝ ծեծի են ենթարկել և ցավ պատճառել մի խումբ անչափահաս երեխաների: Նախաքննությունը շարունակվում է», - «Ազատությանը» փոխանցեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը:

Եգանյանի տեղեկացմամբ՝ դատաբժշկական փորձաքննություններ են նշանակվել։ Մանկատանը սաներին բռնության ենթարկելու վերաբերյալ տեղեկություն ոստիկանությունում էին ստացել։ Ըստ այդ գերատեսչության տարածած հաղորդագրության, մանկան տան աշխատակիցները փայտով, ձեռքերով խփել են երեխաներին, խոշտանգել նրանց, քաշել մազերը: Ի դեպ, այս մանկատանը փոքրիկներ են խնամվում՝ մինչև 6 տարեկան երեխաներ, և այս ամենը տեղի է ունեցել 3-6 տարեկանների խմբում։ Ըստ պաշտոնական հաղորդագրությունների, դաժանությունը նրանց հանդեպ դրսևորվել է պարբերաբար:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Քալանթարյան. – «Ցավոք սրտի, մենք չենք կարող դեռևս փաստել, որ սա եզակի դեպք է: Այսպիսի դեպքեր, ցավոք, հաստատություններում կարող են լինել»:

Քալանթարյանն ասում է, որ իրենք պարբերաբար մոնիտորինգ են իրականացնում փակ հաստատություններում, բայց քովիդի պատճառով այս տարի «Մանկան տուն» չեն այցելել: Նախորդ տարի են գնացել, բռնություն չեն տեսել: Նման հաստատություններում բողոքի արկղեր կան, վերջերս պարունակությունը նայել են. դարձյալ հովվերգական պատկեր. – «Որևէ բողոք հաստատությունում ներսում կատարվող իրավիճակի մասին չկա»:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն էլ կորանվիրուսի բռնկումից առաջ է «Մանկան տուն» մտել: ՄԻՊ աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի առաջատար մասնագետ Իվետա Շահբազյան. – «Բռնության վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի հայտնաբերվել»:

Այնուամենայնիվ ինչ որ մեկը տեսել և պատմել է փոքրիկների խոշտանգումների մասին. «Մանկան տունը» խիստ կարանտինի մեջ է դեռ փետրվարից. այստեղ նույնիսկ երեխաների ծնողները ելումուտ չունեն: Ենթադրվում է, որ տեղեկությունը փոխանցել են հենց ներսից:

Անահիտ Քալանթարյան. – «Անձը, որը բարձրացրել է այդ հարցը և հաղորդում է ներկայացրել, այս անձի մասին որևէ տեղեկություն մենք չունենք»:

3-6 տարեկանների խմբի երեք դայակներն այժմ մեղադրյալներ են։ Փաստաբան Լևոն Բաղդասարյանը, ով պաշտպանում է նրանցից երկուսին, ասում է՝ նրանք տարիների փորձով աշխատակիցներ են, որևէ բռնություն չեն գործադրել, անմեղ են. – «Գործիքով, փայտով ծեծ, իմ վստահորդների պահով եմ ասում, չի եղել: Խնդրում եմ ֆիքսեք նաև, որ ավելի քան լիահույս եմ, որ օբյեկտիվ քննության ժամանակ շատ բաներ կբացահայտվեն»:

Մանկատան աշխատակիցները, փաստաբանի փոխանցմամբ, իրենց առաջադրված խոշտանգման մեղադրանքը չեն ընդունում. – «Մեղադրանքը ոչ միայն չեն ընդունում, այլ նաև կարծում ենք, առաջադրված մեղադրանքը անհիմն է, որովհետև խոշտանգման հետ կապված աղերս չի կարող ունենալ: Դրա հետ կապված` նաև հիմնավոր կասկածն ենք մենք վիճարկում, որովհետև ականատեսներ կան, որ ով որ տեղեկացրել է, իր ցուցմունքի մեջ չի տալիս մեր վստահորդների անունը»:
Ի դեպ, «Մանկան տունը» տնօրեն չունի չունի շուրջ 9 ամիս. նախկին տնօրեն Լիանա Կարապետյանը ապօրինի որդեգրումների քրեական գործով մեղադրյալներից է: Նոր տնօրենի պաշտոնի համար մրցույթ մայիսին էր հայտարարվել, բայց 19 թեկնածուներից ոչ ոք չէր անցել: Եկող շաբաթ կրկին փորձելու են տնօրեն ընտրել:

Անահիտ Քալանթարյանը փոխանցեց. – «Դիմել է վեց հոգի, սեպտեմբերի 29-ին նախատեսվում է մրցույթի անցկացում»:

«Մանկան տանն» այս պահին խնամվում են 77 փոքրիկներ, նրանց մեծ մասը առողջական խնդիրներ ունի: Երեխաների հիմնահարցերի բաժնի պետն ասում է, որ ճշտել են` բռնություններից վնասվածքներ ունեցող երեխաներ չկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG