Մատչելիության հղումներ

Վրաստանի ընդդիմությունը զգուշացնում է իշխանությունների սադրանքների մասին


«Ազգային շարժում- Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միավորումը ներկայացրել է մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուների ցանկը։

Ախալքալաքի ու Նինոծմինդայի ընտրատարածքում ընդդիմության թեկնածուն Մելիք Ռաիսյանն է։ Նա հայտնի գործիչ է, նախկինում երեք անգամ պատգամավոր է ընտրվել։ Ազգային փոքրամասնությունների ձայների գործոնը ընդդիմությունը հաշվի է առել, մասնավորապես ադրբեջանաբնակ Մառնեուլիում՝ առաջադրելով Ազեր Սուլեյմանովի թեկնածությունը։ Ընդդիմության առաջնորդները ևս մեծամասնական ընտրակարգով պայքարի մեջ են մտնում, թեկնածուների շարքերում են Գրիգոլ Վաշաձեն, Նիկանոր Մելիան։

Հոկտեմբերի 31-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով ընտրվելու է 30 պատգամավոր, 120-ը՝ կուսակցական ցուցակներով։ Նախկինում այս հարաբերակցությունը գրեթե հավասար էր, գալիք ընտրություններից առաջ Արևմուտքի ճնշումների տակ իշխանությունը զիջումների գնաց՝ մեծամասնականի տեղերը կրճատվեցին, ավելացվեց կուսակցական ցուցակներով ընտրվողների թիվը ու 120/30 հարաբերակցության շուրջ ընդդիմությունն ու իշխանությունը համաձայնության եկան։

Ընդդիմադիր միավորման մեջ «Եվրոպական Վրաստանը» չի մտնում։ Այս կուսակցությունը առաջացել է «Ազգային շարժման» տրոհումից, որի առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին ասել է, թե «Եվրոպական Վրաստանին» առաջարկել են հավասարության սկզբունքով ցուցակ կազմել, բայց նրանք մերժել են։ Սաակաշավիլին «Ազգային շարժման» վարչապետի թեկնածուն է։

Վրաստանի խորհրդարանական ընտրություններին հինգ շաբաթ է մնացել և որքան մոտենում է ընտրությունների օրը, այնքան ընդդիմությունը ավելի է բողոքում իշխանությունների և անվտանգության ուժերի ճնշումներից ու սադրանքներից։

Պատգամավոր Թինատին Բոկուչավան ասել է, թե այս օրերին անհայտ անձինք զանգահարել են ընտրական հանձնաժողովներում «Ազգային շարժման» անդամներին ու կուսակցության առաջնորդների անունից հրահանգներ տվել, թե ինչպես անկարգություններ կազմակերպել ընտրությունների ժամանակ։

«Մենք պահանջում ենք պարզել հեռախոսի այդ համարների օգտատերերին, պարզել ո՞ւմ հանձնարարությամբ են կատարվել անկարգությունների ու սաբոտաժի խորհուրդներով այդ զանգերը», - հայտարարել է ընդդիմադիր պատգամավորը։

Թբիլիսիում, Գորիում և Բոլնիսիում անհայտ անձինք վերջին օրերին քարեր են նետել ու վնասներ պատճառել «Ազգային շարժման» մեծամասնական թեկնածուների նախընտրական շտաբների գրասենյակներին։ Ծայրահեղական «Վրացական մարշը» պիկետներ է կազմակերպել «Լելո» ընդդիմադիր շարժման նախընտրական շտաբների դիմաց։ Պատռվում կամ ներկով ծածկվում են ընդդիմության քարոզչական պաստառները։

«Իրավապահ մարմինները, այդ թվում՝ պետական անվտանգության ծառայությունը պետք է անհապաղ արձագանքի բոլոր միջադեպերին, հակառակ դեպքում, մենք տեսնում ենք, որ ընտրություններից առաջ իշխանությունները արհեստականորեն սրում են իրավիճակը։ Նրանք հավանաբար հույս ունեն, որ կորոնավիրուսի պատճառով քիչ դիտորդներ կգան Վրաստան, ինչը իրենց թույլ կտա բռնությունների քաղաքականություն վարել»,- հայտարարել է «Լելո» շարժման մեծամասնական թեկնածու Լևան Կոբերիձեն։

Վրաստանում Միացյալ Նահանգների նախկին երեք դեսպանները համատեղ նամակ են հրապարակել, ուր նշված է, որ կորոնավիրուսից հետո Վրաստանի իշխանությունների գլխավոր քննությունը գալիք ընտրություններն են։

The National Interest պարբերականում հրապարակած համատեղ նամակում նախկին դեսպանները նշում են, որ «Վրաստանը հաջողությամբ դիմակայեց կորոնավիրուսի բռնկմանը, բայց հիմա պետք է լուծի ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու և համավարակի տնտեսական հետևանքները հաղթահարելու խնդիրը»։

Նրանք մտահոգություն են հայտնել, որ Կոնգրեսը պլանավորում է սառեցնել Վրաստանին տրամադրող ամերիկյան օգնության 15 տոկոսը, եթե Թբիլիսին չամրապնդի ժողովրդավարական ինստիտուտները, ավելին չանի կոռուպցիայի դեմ պայքարում և չպաշտպանի արտասահմանյան բիզնեսը Վրաստանում։

Վրաստանում ԱՄՆ-ի ներկայիս դեսպան Քելլի Դեգնանը հույս է հայտնել, որ քաղաքական կուսակցությունները կհետևեն վերջերս ձեռք բերված ու ստորագրած փաստաթղթում արձանագրված պայմանավորվածություններին։

«Ցավալի կլինի, եթե արձանագրվեն ընտրողներին ահաբեկելու, վարչական ռեսուս օգտագործելու փաստեր։ Որոշ կազմակերպություններ նման փաստերի մասին արդեն հայտարարել են։ Շատ կարևոր է, որ այս ընտրությունները լինեն արդար, թափանցիկ և ազատ։ Դա շատ կարևոր է երկրի համար», - ասել է Քելլի Դեգնանը։ Գնահատելով նախընտրական իրավիճակը, դեսպանն ասել է, թե ընդհանուր առմամբ բավականին բարձր է քաղաքական ջերմաստիճանը։

Ընդդիմությունն ու փորձագետները ամերիկացի դիվանագետների հայտարարությունները գնահատում են նախազգուշացում իշխանություններին, որ ընտրախախտումներին կհետևի Արևմտյան գործընկերների կոշտ արձագանքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG