Մատչելիության հղումներ

Վարչապետի հրաժարականի և արտահերթ ընտրությունների ճանապարհային քարտեզ ունենք. Իշխան Սաղաթելյան


«Ազատության» տաղավարում է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Ազատություն». – Դուք երեկ Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ եք հանդիպել: Ո՞ւմ նախաձեռնությամբ և ի՞նչ օրակարգով: Արդյո՞ք սա կապ ունի նշանակված հանրահավաքի հետ:

Սաղաթելյան. – Բացարձակ կապ չունի և չի կարող ունենալ: Նաև ներքաղաքական հարցերի մասին քննարկումներ եղել են, աշխարհաքաղաքական իրավիճակի, հատուկ շեշտադրում է եղել արցախյան հարցի հետ կապված, տարածաշրջանային հարցերի հետ կապված:

«Ազատություն». - Ինչո՞ւ հենց Ռուսաստանի դեսպանի հետ:

Սաղաթելյան. – Մենք անցնող մեկ տարվա ընթացքում հանդիպել ենք և' Միացյալ Նահանգների դեսպանի, և' Իրանի դեսպանի, եվրոպական երկրների... սա քաղաքական գործընթաց է շատ նորմալ, որ մենք անցնող մեկ տարվա ընթացքում բազմաթիվ նման հանդիպումներ ունեցել ենք ու շարունակելու ենք ունենալ:

«Ազատություն». – Պատահական չէի տալիս այս հարցը: Գիտեք այս եռյակի հետևում ինչ ականջներ են տեսնում... մասնավորապես Ռուսաստան, Կրեմլ: Այս մասով ի՞նչ կասեք: Օրինակ, պատահականությո՞ւն է, որ Երևանում անցկացվելիք ԵԱՏՄ-ի նիստի նախօրեին եք հանրահավաք անցկացնելու, երբ այդ առաջնորդներն այստեղ են լինելու, մասնավորապես` Ռուսաստանի վարչապետը:

Սաղաթելյան. – Բացարձակ սխալ է կապել այդ իրադարձության հետ: Ընդհանրապես փորձել այս ուժերի հետևում գտնել աշխարհաքաղաքական ուժեր, ուղղորդումներ, տարբեր մեկնաբանություններ, հասկանում եք նաև, որ մյուս թիրախային հարձակման բանը էդ ա,, որ այս ուժերը ղեկավարվում են այլ երկրներից և այլն, և այլն: Այս ուժերը կամ ընդհանրապես Հայաստանի ցանկացած քաղաքական ուժ պետք է սպասարկի բացառապես Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերը, և չի կարող սա ուղղորդվել դրսից, և դա անթույլատրելի է, որ Հայաստանի ներքին հարցերի մեջ միջամտի որևէ այլ երկիր կամ պետություն: Սա մենք բացառում ենք: Չի կարող նման բան լինել:

«Ազատություն». – Դուք հավանաբար ծանոթ եք «Դոսյե»-ի հետաքննության հայտնի հրապարակմանը, որտեղ ձեր գործընկերներից մեկը` Ծառուկյանը, ուղիղ հիշատակվում է, անձնագրի պատճենը կա: Վանեցյանի անունը չկա, բայց իշխանություններն են ասում բաց տեքստով, որ «Կանդիդատ» կեղծանունով գործակալը պետք է նույնացնել Վանեցյանի հետ:

Սաղաթելյան. – Եթե ունեն համոզում, որ նման գործակալներ կան Հայաստանում, ու իրենք էսքան ժամանակ որևէ քայլ չեն ձեռնարկել, ուրեմն իրենք անկարող են, և մեր երկրի անվտանգության լրջագույն սպառնալիքներ է սպասվում: Իսկ եթե չունեն էդ հիմքերը և մարդկանց նման մեղադրանքներ են առաջադրում-հնչեցնում, սա անպատասխանատվություն է: Եթե ունեն ապացույցներ, թող հրապարակեն, եթե չունեն` իրենք հերթական անգամ խոսքի արժեքը չգիտակցելով` վարկաբեկում են այս կամ այն քաղաքական գործչին:

«Ազատություն». – Ձեր եռյակը համագործակցության եզրեր տեսնո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ:

Սաղաթելյան. – Եռյակը ձևավորել է քաղաքական օրակարգ, հայտարարել է էդ մասին, գնում է էդ ճանապարհով: Եթե կլինեն քաղաքական ուժեր, անհատներ, քաղաքական գործիչներ, կկիսեն այդ օրակարգը, կմասնակցեն էս հանրահավաքին, հայտ կներկայացնեն, քննարկում կունենանք:

«Ազատություն». – Էդ դեպքում գնանք բացառման սկբունքով. Սեժ Սարգսյանը, որին «ոչ» է ասել ժողովուրդը երկու տարի առաջ, նա հրաժարական է տվել, նա կարո՞ղ է նորից հայտ ներկայացնել, պահանջել արտահերթ ընտրություններ, կամ ձեզ հետ միանա, գնա դաշինքով:

Սաղաթելյան. – Մենք ունենք քաղաքական օրակարգ, որի մասին հայտարարել ենք: Մենք գնում եք էդ ճանապարհով: Հիմա Դուք սցենարներ եք ասում... Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքական գործիչ և կուսակցություն հայտ ներկայացնելու իրավունք ունի: Էդ հայտը ինչ պահանջ կգտնի ժողովրդի մեջ, դա ցույց կտա ժամանակը:

«Ազատություն». – Այո, բայց Դուք կարող եք բացառել, ասել` այս, այս, այս մարդիկ մեր հանրահավաքում անելիք չունեն, ժողովուրդը նրանց մերժել է...

Սաղաթելյան. – Այսինքն Դուք ո՞նց եք պատկերացնում... Մենք հատուկ սարքեր ենք տեղադրելու, որ որոշի ով որ կուսակցությունից է...

«Ազատություն». – Խոսքը դաշինքին միանալու մասին է: Համագործակցելո՞ւ եք Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ իշխանափոխության պահանջի շուրջ:

Սաղաթելյան. – Ես էդ հարցի պատասխանը տվեցի: Եթե չորս անգամ ևս կրկնեք, ասելու եմ նույն պատասխանը: Կա քաղաքական օրակարգ, մենք այդ օրակարգով գնում ենք, եթե կան անհատներ, քաղաքական գործիչներ, ովքեր կիսում են էդ օրակարգը, համագործակցության հարցերը կարող ենք քննարկել: Էս պահին նման քննարկումներ չկան:

«Ազատություն». – Սա բողոքի գործողությունների, հանրահավաքների շա՞րք է լինելու: Գուցե այլ գործիքակազմի դիմեք, դուք ունե՞ք այդպիսի ծրագիր:

Սաղաթելյան. – Իհարկե, սա ընդամենը սկիզբն է և մեկնարկն է: Սա քաղաքական պրոցես է, կա ճանապարհային քարտեզ և լինելու է գործողությունների շարք: Սրտահերթ ընտրություններ հասունացնելու և դրան հասնելու ճանապարհային քարտեզ, իսկ դրան հասնելու համար անհրաժեշտ է վարչապետի հրաժարականը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG