Մատչելիության հղումներ

Եվրահանձնաժողովը COVID-19 –ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի 60 մլն եվրո


Եվրահանձնաժողովի շենքը Բրյուսելում, արխիվ
Եվրահանձնաժողովի շենքը Բրյուսելում, արխիվ

Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը. փուլ I» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

30 միլիոն եվրո արժողությամբ ծրագրի 3 միլիոն եվրոն միտված է տեխնիկական աջակցությանը՝ հիմնականում խորհրդատվական ծառայություններին, իսկ մնացած 27 միլիոնը 3 հավասար մասնաբաժիններով հատկացվելու է պետական բյուջեին՝ ըստ համաձայնագրի ընդհանուր և հատուկ պայմանների իրականացման, փոխանցում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մանրամասներ ներկայացրեց ծրագրի վերաբերյալ և նշեց, որ առաջին 9 միլիոն եվրոն ակնկալվում է ստանալ արդեն այս տարի, որը տրվում է 3 բաղադրիչի համար. - «Առաջինը՝ դատավորների բարեվարքության և գույքային դրության ստուգման համար: Այսինքն՝ մենք պետք է այդ պայմաններն ապահովենք, Դատական օրենսգրքի անցումային դրույթներով նախատեսված է, և այս պահին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրականացնում է Բարձրագույն դատական խորհրդի և ՍԴ դատավորների գույքային դրության ստուգում: Սա բերելու է կոռուպցիայից զերծ դատական համակարգ ունենալու մեր նախանշված ծրագրի իրականացմանը: Երկրորդ բաղադրիչը դատական համակարգում ծառայությունների մատուցման որակի բարձրացումն է: Այսինքն` այստեղ ներառված է նաև էլեկտրոնային գործիքների, այլընտրանքային վեճերի լուծման մեխանիզմների ներդրումը, արբիտրաժային դատավարության հետագա զարգացումը: Եվ, որպես վերջնարդյունք, օրինակ` նշված է, որ մինչև 2025 թվականին վարչական և քաղաքացիական գործերով ծանրաբեռնվածությունը 40 տոկոսով պետք է նվազի»:

Երրորդ բաղադրիչը վերաբերում է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգին: «Պետք է կոռուպցիայի դեմ պայքարը բարելավելու տեսանկյունից Դատախազությունում՝ սահմանված ստանդարտներին համապատասխան ձևավորվի հակակոռուպցիոն ստորաբաժանումը, ձևավորվեն հակակոռուպցիոն և հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանները, և այս բաղադրիչի մասով է սահմանված առաջընթացը», - ասաց Ռուստամ Բադասյանը:

Գործադիրի հավանությանն արժանացավ նաև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «COVID-19 համավարակի դիմակայման Հայաստանի պայմանագիր» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությունը:

Ծրագրով նախատեսված 30 միլիոն եվրոն տրամադրվելու է Ազգային գանձապետարանին՝ ուղղակի բյուջետային չթիրախավորված աջակցության տեսքով։

Ծրագիրը նախատեսված է աջակցելու Հայաստանի՝ COVID-19-ի բռնկմանն ուղղված արձագանքին և մեղմելու առողջապահական, սոցիալ-տնտեսական ոլորտներում համավարակի բացասական հետևանքները:

Այս բյուջետային աջակցության 24 միլիոն եվրոն տրամադրվելու է միանվագ մասհանման տեսքով՝ կառավարության կողմից COVID-19-ի արձագանքման միջնաժամկետ սոցիալ-տնտեսական վերականգնման ծրագրի մշակման և իրականացման գործընթացում առաջընթացի ընդհանուր նախապայմանի բավարարման արդյունքում: Մնացած 6 միլիոն եվրո աջակցությունը տրամադրվելու է համաձայնագրի նախագծի հատուկ նախապայմաններում ներկայացված COVID-19-ի ճգնաժամի գնահատման և արձագանքի արդյունքների ապահովման արդյունքում:

Ծրագրի նպատակներից է առողջապահության համակարգի պատշաճ վերազինումը՝ COVID-19-ի առաջացրած ճգնաժամին և միջնաժամկետ հեռանկարում առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակներին դիմակայելու նպատակով։ Նախատեսված է նաև օգնել Կառավարությանը՝ աջակցելու խոցելի խմբերին և մասնավոր հատվածին COVID-19-ի հետևանքների դիմակայման գործընթացում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց Եվրամիության հետ համագործակցության կարևորությունը ժողովրդավարական բարեփոխումների իրականացման համատեքստում:

XS
SM
MD
LG