Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառում, որ 2020 թվականի նախագահական ընտրությունների վերջնական ճակատագիրը վճռվի դատարանում։ Այդ մասին Թրամփը հայտարարել է անցած գիշեր Սպիտակ տանը հավատարմագրված լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե որքանո՞վ է հրատապ Ռութ Բեյդեր Գինզբուրգի մահվանից հետո Գերագույն դատարանի դատավորի թափուր մնացած տեղի շուտափույթ համալրումը։
«Ես կարծում եմ, որ այս ընտրությունների հարցը ի վերջո հասնելու է Գերագույն դատարան, ուստի շատ կարևոր է, որպեսզի այդ կառույցը ամբողջացված կազմ ունենա՝ 9 դատավորներով։ Կիսված վիճակը՝ 4-ը 4-ի դեմ, լավ բան չէ», - հայտարարում էր Թրամփը:
Ամերիկացի դեմոկրատները պահանջում են, որպեսզի Դոնալդ Թրամփը իր պաշտոնավարման վերջին շաբաթներին Գերագույն դատարանի դատավորի նշանակման շուրջ որևէ որոշում չկայացնի։ Նրանք մտավախություն ունեն, որ Գերագույն դատարանի նոր անդամի նշանակման ընթացքում Սենատում մեծամասնություն կազմող հանրապետականները կարող են առաջնորդվել քաղաքական և նախընտրական նպատակահարմարությամբ։
Վերջին անգամ ԱՄՆ նախագահական ընտրությունների ճակատագիրը Գերագույն դատարանի միջոցով է վճռվել 20 տարի առաջ՝ 2000 թվականին, երբ Սպիտակ տան ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին Ջորջ Բուշ կրտսերը և Ալբերտ Գորը։