Մատչելիության հղումներ

Ադրբեջանում բանակի կարիքների համար առգրավում են քաղաքացիների պիկապ մեքենաները


Պիկապ ավտոմեքենա, արխիվ

Ադրբեջանի իշխանություններն առգրավում կամ հատուկ հաշվառման են վերցնում պիկապ տեսակի ավտոմեքենաները։ Խոսքը անհատների սեփական մեքենաների մասին է: Ճանապարհային ոստիկանությունը դրանք առգրավում է բանակի կարիքների համար։

Առաջին ահազանգերը քաղաքացիները հնչեցրել են երկու օր առաջ: Սեպտեմբերի 22-ին մի քանի քաղաքացիներ հայտնել են, որ իրենց պիկապները ճանապարհային ոստիկանությունը տարել է փակ կայանատեղի։ Բայց, ամեն դեպքում, «Թուրան»-ը հաղորդում է, որ ավելի հաճախ ոստիկանները հաշվառում են մեքենան, գրում են մեքենայի տվյալները և սեփականատիրոջն զգուշացնում հնարավոր առգրավման մասին։

Ներքին գործերի նախարարության ճանապարհային ոստիկանության վարչությունը պաշտոնապես հայտնել է, որ կառավարության 2006 թվականի ապրիլի 4-ի որոշման համաձայն՝ զինվորական հավաքների ժամանակ անցկացվում է ռազմական նշանակության տրանսպորտային միջոցների տեխնիկական ստուգում։ Ճանապարհային ոստիկանության հայտարարությունում նշված է, որ հատուկ նշանակության տրանսպորտային միջոցները, նաև պիկապները համապատասխանում են կառավարության որոշման պահանջներին, ուստի ստուգվում, ճշգրտվում են դրանց գրանցման վայրը, մեքենայի տեխնիկական տվյալները, որոշվում է տեղակայման կետը, ինչի մասին զգուշացվում է սեփականատերը:

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Էրքին Գադիրլին գտնում է, որ ոստիկանությունը ճիշտ չէ։ Նա ասել է, որ երկրի նախագահը նախ պետք է զորահավաք հայտարարի, որը կարող է վերաբերել ինչպես քաղաքացիներին, այնպես էլ նրանց սեփականությանը։ Բայց երկրի ղեկավարը զորահավաք չի հայտարարել, ուրեմն ոստիկանությունը խախտում է օրենքը։

«Եթե մեքենան առգրավում են գրանցելու համար, ապա դա կարելի է շատ հեշտ անել։ Ավտոմեքենաները գրանցում են գնելու կամ նվիրատվության ժամանակ, սեփականատերերի անուններն ու հասցեները հայտնի են, ուստի մեքենաները կարող են զինվորական հաշվառման վերցնել էլեկտրոնային միասնական համակարգի միջոցով», - ընդգծել է պատգամավորը։

Պիկապների առգրավման հիմքի՝ զորահավաքի բացակայությունը նշել է նաև փաստաբան Ալեքսեր Ահմեդօղլուն։ Նա Ֆեյսբուքի իր էջում գրել է նաև, որ պետությունն ի վիճակի է գնել անհրաժեշտ քանակի տրանսպորտային միջոցներ, այլ ոչ թե անհանգստացնել քաղաքացիներին։

Մեկ այլ փաստաբան՝ Սամիրա Աղաևան ասել է, որ օրենքը նախատեսում է մասնավոր սեփականության առգրավում պետական կարիքների համար, բայց այդ դեպքում պետությունը պարտավոր է փոխհատուցում վճարել առգրաված ունեցվածքի գնի չափով՝ կնքելով առքուվաճառքի պայմանագիր։

Հայտնի չէ, թե այս երկու օրվա մեջ Ադրբեջանի ճանապարհային ոստիկանությունը քանի պիկապ է առգրավել կամ գրանցել։ Թվեր չեն հաղորդվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG