Մատչելիության հղումներ

«Մեր օրակարգից հետ չենք կանգնում». Ռուսաստան մեկնել ցանկացողները հացադուլ են սկսել


Ամիսներ շարունակ Ռուսաստանի Դաշնություն մեկնելու պահանջով ցույցեր իրականացնող քաղաքացիներից մի քանիսը երեկվանից կառավարության շենքի առաջ հացադուլ են սկսել։

«Մենք պատրաստվում ենք [մնալ] այնքան ժամանակ, մինչև հարցի լուծում ստանանք, մենք չենք դադարեցնում մեր հացադուլը, մեր օրակարգից հետ չենք կանգնում», - ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Հացադուլ հայտարարած ցուցարարներին այսօր ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա վստահեցրել է՝ փակ սահմանների հարցը կբարձրացնի հոկտեմբերի 8-ին և 9-ին Երևանում կայանալիք Եվրասիական միչկառավարական խորհրդի նիստի ընթացքում, եթե մինչ այդ լուծում չգտնվի։

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը մանրամասնում է. «Վարչապետը հայտնել է, որ աշխատանքներ են տարվում կանոնավոր չվերթները դեպի Ռուսաստանի Դաշնություն վերսկսելու ուղղությամբ, իսկ մինչ այդ պայմանավորվել են, որ ժամանակավոր լուծում կգտնեն քաղաքացիների խնդիրներին: Եթե մինչև հոկտեմբերի 8-ը նա հարցին լուծում չգտնի, ապա անպայման դրան կանդրադառնան արդեն Հայաստանում»:

Ցուցարարներից Վարդան Վարդանյանը, ով ևս այսօր հանդիպել է վարչապետի հետ, հույս է հայտնում՝ կառավարությունն իրենց կաջակցի, սակայն ընդգծում է՝ երկար սպասել չեն կարող. «Էս ժողովրդի համար մեկ ժամն օրհասական է, պետք է, որ մեկ ժամ շուտ լուծվի այս մարդկանց հարցերը»:

Ռուսաստանը երկու օր առաջ բացել է օդային սահմանները ԵԱՏՄ բոլոր պետությունների համար՝ բացառությամբ Հայաստանի։ Պաշտոնական պատճառը համաճարակային իրավիճակն է ու այդ երկրի կորոնավիրուսային քաղաքականությունը, այսօր «Ազատությանը» փոխանցեցին Հայաստանի արտգործնախարարությունից:

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը տարբեր մակարդակներով աշխատանքներ է իրականացնում ռուսաստանյան կողմի հետ, որոնք իրականացվում են հիմնականում երկու ուղղություններով, դա Հայաստանի և Ռուսաստանի միջև կանոնավոր չվերթների վերականգնում է, երկրորդը, ՀՀ քաղաքացիների համար մուտքի արգելքի սահմանափակումի վերացումը կամ դրա որոշակի վերանայումը: Այս առումով պետք է նաև նշեմ, որ արդեն իսկ Հայաստանի և Ռուսաստանի միջև չվերթներ իրականացվում են, սակայն այդ չվերթներով Հայաստանից կարող են մեկնել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները: Իսկ մյուս առումներով աշխատանքներ իրականացվում են համապատասխան մակարդակներում, հարցը քննարկվում է նաև ԵԱՏՄ շրջանակներում», - ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

ԱԳՆ խոսնակը նաև հայտնեց, որ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Առողջապահության նախարարությունը մշտական կապի մեջ են ռուսաստանցի գործընկերների հետ. «Իրականացվում է համավարակով երկրներում առկա վիճակագրության ամենօրյա փոխանակում: Իսկ ինչ վերաբերում է, թե արդյոք բացվել է որոշակի տարածաշրջանի համար, ոչ, այս որոշումը կայացվում է պարզապես հաշվի առնելով ներքին կարողությունները, համաճարակի հետ կապված վիճակագրությունը և այստեղ որևէ քաղաքականացում պարզապես անտեղի է»:

Կորոնավիրուսի բռնկումից առաջ Հայաստան եկած քաղաքացիների մեծ մասը Ռուսաստանում հարազատներ ունի, մեկի ծնողներն են այնտեղ, մյուսի՝ ամուսինը կամ էլ երեխան։ Նունե Սարգսյանն արդեն 7 ամիս է իր անչափահաս երեխային չի տեսել, ասում է, որ այս ընթացքում Հայաստանում մի կերպ է գոյատևել։

Ակցիայի մասնակիցներն ընդգծում են՝ իրենց ոչ ոք չի ուղղորդում, բողոքի ցույցերը քաղաքական ենթատեքստ չունեն։

XS
SM
MD
LG