Մատչելիության հղումներ

Զբոսաշրջությունը կենդանության նշաններ է ցույց տալիս


Զբոսաշրջիկներ Նորավանքում, արխիվ

Շուրջ հինգ ամիս փակ սահմանների հետևանքով կաթվածահար վիճակում հայտնված զբոսաշրջությունը կենդանության նշաններ է ցույց տալիս:

Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի փոխնախագահ Զարուհի Օրբելյանն ասում է՝ սեպտեմբերի 11-ից հետո, երբ արտակարգ դրությունը վերացվեց և բացվեցին Հայաստանի օդային սահմանները, Հայաստան այցելող զբոսաշրջիկների ոչ մեծ ակտիվություն նկատվեց, հատկապես՝ Ռուսաստանից:

«Գիտե՞ք, ոնց որ մի փոքր, մի փոքր շունչներս բացվել է», - «Ազատության» հետ զրույցում նշեց Օրբելյանը:

«Համեմատաբար մնացած շուկաներին՝ ակտիվացել է ռուսական շուկան: Իրենց հետ էլ շատ ավելի հեշտ է, իրենք երբևէ, համարյա թե երբևէ չեն պլանավորում իրենց ճամփորդությունները, միանգամից, հենց ստացվում է, թեկուզ՝ շաբաթ-կիրակի, ուրբաթ-շաբաթ-կիրակի, ճամփորդում են», - ասաց Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի փոխնախագահը:

Մոտ 13 տարի ոլորտում գործունեություն իրականացնող մասնագետը սեփական փորձից գիտի՝ զբոսաշրջային ամենաակտիվ ժամանակահատվածը սեպտեմբերն է: Անցած տարիներին հիմնականում իսպանախոս զբոսաշրջիկների է ընդունել՝ տարեկան առնվազն 40 խումբ: Այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով ընդամենը մեկ խումբ է հասցրել հյուրընկալել՝ մինչև մարտի 16-ը: Հիմա էլ, ասում է, եվրոպական շուկայից հատուկենտ խմբեր են գալիս, պատճառները մի քանիսն են:

«Բանն այն է, որ իրենք վախ ունեն գալը՝ վախենում են ինքնաթիռի մեջ, ասենք, մի քանի ժամ անընդմեջ գտնվելուց, որովհետև վարակի բունը հենց ինքնաթիռն է: Երկրորդ վախը, որ ունեն՝ ամենամեծը, որ կգան, ու հանկարծ ևս մի ալիք կսկսվի, հերթական լոքդաունի ժամանակ չեն կարողանա վերադառնալ: Դա իրականում շատ մեծ ռիսկ է, որովհետև ես այս տարի հենց ունեցել եմ զբոսաշրջիկ, որոնց ճանապարհել եմ մարտի 15-ին, երբ որ Իսպանիայում արդեն լոքդաունը սկսվել էր, ու իրենց համար դա մեծ սթրես էր՝ իրենք թռչում էին, բայց չգիտեին՝ տուն հասնելու ե՞ն», - ասաց Զարուհի Օրբելյանը:

«Աշխարհում քովիդը դեռևս կա, քովիդի հետևանքները դեռևս կան, և որևէ մեկը չգիտի՝ ինչ ակնկալել: Հետևաբար, ճանապարհորդություններ պլանավորելիս, հատկապես՝ եվրոպական ուղղություններում, մի փոքր ավելի զգուշավոր են լինում», - իր հերթին, ընդգծեց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը:

Զբոսաշրջության կոմիտեում դեռ վիճակագրություն չունեն, թե օդային սահմանները բացվելուց հետո քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան ու որ երկրից: Ասում են՝ տվյալները հայտնի կլինեն արդեն հաջորդ ամիս:

Զբոսաշրջությունը կորոնավիրուսի հետևանքով ամենից շատ տուժած ոլորտներից է, ընդունում են կոմիտեում, բայց թե որքան է կազմել վնասը, ասում են՝ դեռ անհնար է հաշվել:

Զբոսաշրջության կոմիտեի նախագահի խոսքով՝ «բնական է, որ ներգնա հոսքերի նվազումը իր ազդեցությունն ունենում է տնտեսության վրա»:

Ցամաքային ու օդային սահմանները փակվելուց առաջ՝ հունվարից մինչև մարտի 1-ը, 311 հազար զբոսաշրջիկ է այցելել Հայաստան՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 53 հազարով պակաս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG