Մատչելիության հղումներ

Թրամփ. «ՄԱԿ-ը պետք է Չինաստանին պատասխանատվության ենթարկի»


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առցանց ուղերձը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանին, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 22 սեպտեմբերի, 2020 թ.

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանը գումարվել է ամբողջ մոլորակի համար արտակարգ պայմաններում, որոնք առաջացել են նոր կորոնավիրուսի համավարակի հետևանքով:

Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի նիստերի սրահում սակավաթիվ դիվանագետներ են, նրանք ներկայացնում են իրենց երկրների ղեկավարներին, ովքեր առցանց են դիմում աշխարհին:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի այս տարվա ելույթի զգալի մասը նվիրված էր պանդեմիայի ցավոտ թեմային: «Երկրորդ աշխարհամարտից 75 տարի անց մենք վերստին կատաղի ճակատամարտ ենք մղում, այս անգամ թշնամին անտեսանելի է»,- ասել է Թրամփը և հերթական անգամ օգտագործել է աշխարհում և Ամերիկայում քննադատված եզրույթը՝ «չինական վիրուս»:

Թրամփի փոխանցմամբ, վարակն ավելի քան 180 երկրներում անհաշիվ կյանքեր է խլել: Ամերիկան վիրուսին արձագանքել է Երկրորդ աշխարհամարտից հետո ամենահզոր զորահավաքով, կարճ ժամանակամիջոցում արտադրվել են թոքերի օդափոխության սարքեր, որոնք տրամադրվել են նաև այլ երկրներին, ստեղծվել են կորոնավիրուսը բուժելու արդյունավետ դեղամիջոցներ, մահացությունը 85 տոկոսով կրճատվել է, ավարտվում է երեք վակցինաների փորձարկումը:

«Վիրուսը կպարտվի, և մենք կթևակոխենք խաղաղության, համագործակցության, աննախադեպ զարգացման ու բարգավաճման փուլ»,- հավաստիացրել է Թրամփն, ապա քննադատությունն ուղղել է Չինաստանի վրա:

«Մինչ մենք ձգտում ենք այս լուսավոր ապագային, կա երկիր, որը պետք է պատասխանատվության ենթարկվի ամբողջ աշխարհով այս վիրուսը տարածելու համար: Համավարակի սկզբնական փուլում Չինաստանը չեղարկել է ներքին ավիափոխադրումները, սակայն ելքը դեպի արտասահման չի փակվել, և վարակը տարածվել է: Չինաստանը ներսում «լոքդաուն» է մտցրել, բայց միաժամանակ քննադատել է չինական օդանավերի մուտքն Ամերիկայում փակելու մեր որոշումը»,- ասել է Թրամփը:

Նրա փոխանցմամբ, «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, որը գործնականում կառավարվում է Չինաստանի կողմից, հայտարարել է, թե վարակը մարդուց մարդուն չի փոխանցվում, թե անախտանիշ վարակակիրը վարակը չի տարածում»:

«ՄԱԿ-ը պետք է պատասխանատվության կանչի Չինաստանին»,- հայտարարել է Թրամփը:

Խոսելով այլ թեմաների մասին, Թրամփն ասել է, թե Ամերիկան երեք տարում կառուցել է մոլորակի ամենահզոր տնտեսությունը և հիմա այն արագ վերականգնում է, Ամերիկան ստեղծել է աշխարհի ամենահզոր բանակը, այնքան հզոր, որ դրա մասին երբևէ չէր էլ երազել:

«Ոչ մի երկիր չի կարող երազել այդ բանակի հետ մրցելու մասին, և տա Աստված, որ մենք երբեք չգործադրենք այդ հզորությունը»,- ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը որպես իր վարչակազմի նվաճում է ներկայացրել Իրանի հետ միջուկային պայմանագրի խզումը, «Իսլամական պետության» ոչնչացումը:

Խոսելով արտաքին քաղաքականության մասին` Թրամփը որպես Վաշինգտոնի դիվանագիտական հաղթանակ է ներկայացրել Արաբական Միացյալ Էմիրությունների և Բահրեյնի հետ Իսրայելի պայմանագրերը, հավաստիացրել է, որ այդ գործընթացը կշարունակվի ու խաղաղություն կբերի Մերձավոր Արևելք:

Նա գովեստով է խոսել Կոսովոյի և Սերբիայի համաձայնագրի մասին: Թրամփն ասել է, որ Ամերիկան ամբողջ աշխարհում շարունակում է պաշտպանել մարդու իրավունքները:

Դոնալդ Թրամփը նաև անուղղակի ակնարկով նկատել է տվել, որ կհաղթի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում. - «Ես համոզված եմ, որ երբ մենք մեկ տարի անց դեմ առ դեմ հանդիպենք, դա կլինի հրաշալի տարի, պատմական տարի Ամերիկայի և աշխարհի համար»,- ասել է Դոնալդ Թրամփը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG