Մատչելիության հղումներ

Մոսկվայում ադրբեջանական ռեստորանի վրա հարձակման մեջ մեղադրվող ՀՀ 7 քաղաքացիները սեպտեմբերի 29-ին կկանգնեն դատարանի առաջ


Ռուսաստան -- ոստիկանությունը ձերբակալում է ադրբեջանցիների և հայերի բախումների մասնակիցներին Մոսկվայում, 24-ը հուլիսի, 2020թ.

Հայաստանի յոթ քաղաքացիներ խուլիգանություն կատարելու մեղադրանքով սեպտեմբերի 29-ին կկանգնեն Մոսկվայի Նիկուլինսկի շրջանային դատարանի առաջ: Նրանք մեղադրվում են հուլիսին Ռուսաստանում հայ-ադրբեջանական բախումների ժամանակ Бакинский дворик ռեստորանի վրա հարձակման և ապակիները ջարդելու համար:

Յոթ երիտասարդներն էլ Ռուսաստան էին մեկնել որպես աշխատանքային միգրանտներ՝ շինարարական աշխատանք իրականացնելու համար: Չորսը Թալինի շրջանի Թաթուլ գյուղից են, երկուսը՝ Թալին քաղաքից, մեկ՝ Աբովյանից:

Ադրբեջանցիների կողմից իրականացված բռնություններին ի պատասխան ադրբեջանական ռեստորանի ապակիները ջարդելու համար նրանց լուրջ պատժաչափ է սպառնում: Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն խուլիգանության համար անձը կամ անձինք կարող են պատժվել 500 հազարից մինչև մեկ միլիոն ռուբլի տուգանքով կամ մինչև յոթ տարի ազատազրկմամբ:

Հայ մեղադրյալների փաստաբան Կարեն Ներսիսյանը «Ազատությանը» ասաց, որ նման գործով վճիռը միանշանակ հօգուտ տղաների կլիներ, այսինքն՝ միայն տուգանք, եթե այս գործը չունենար քաղաքական ենթատեքստ: Սակայն նույնիսկ այս դեպքում մեծ հավանականություն կա, որ տղաները կարող են ազատվել տուգանքով, եթե մինչև դատավարություն դատարանի հաշվին կարողանան փոխանցել Քրեական օրենսգրքով նախատեսված գումարը:

«Կարա լինի մոտավորապես 1,5-3 տարի ազատազրկում, բայց, իհարկե, մենք աշխատանք ենք տարել և տանում ենք, որպեսզի ինչքան լծակներ կան գործի դրվի, թե՛ հայ համայնքի, թե՛ դեսպանության, թե՛ ազդեցիկ մեր ազգային դեմքերի երաշխավորությունը լինի, որ հույս ունենանք, որ կարող ենք համոզել դատարանին, որ այդ երեխաները հանցագործ չեն», - ասաց փաստաբանը:

«Ազատության» հարցին՝ եթե յուրաքանչյուրի համար 1 միլիոն ռուբլի փոխանցվի դատարանի հաշվին, ինչքանով է հավանական, որ այդ տղաները տուգանքով կազատվեն, Ներսիսյանը պատասխանեց. «Իմ կարծիքով՝ 90 տոկոս»:

Փաստաբանն ընդգծում է՝ տղաները Ռուսաստանում աշխատանքային միգրանտներ են և նման չափի գումար, իհարկե, չունեն: Կարեն Ներսիսյանի խոսքով, իրենք դիմել են և՛ Հայաստանի դեսպանությանը, և՛ համայնքային կազմակերպությունների, և՛ առանձին անհատների, բայց արձագանք դեռ չկա: Այդուհանդերձ հույսը դեռ չեն կորցրել, որ կհավաքեն անհրաժեշտ գումարը: Դեռ մի քանի օր կա, ասում է Սարգիս Ենոքյանը, ով նույնպես փորձում է օգնել տղաներին:

«Տղաները երիտասարդ են, տաքարյուն և գործել են էմոցիոնալ ֆոնից դրդված: Բնականաբար, մենք չենք խրախուսում նման արարքները, բայց ամեն դեպքում նաև ուզում ենք, որպեսզի վճիռը մեր տղաների հանդեպ լինի հնարավորինս մեղմ», - ասաց Ենոքյանը:

Նրանք հասարակ բանվորներ են, ովքեր եկել են Մոսկվա ընտանիքի համար փող աշխատելու, ասում է մեղադրյալների համագյուղացի Գալուստ Մարկոսյանը: «Մեր համագյուղացիներն են, իմ սանիկն է Նիկոյան Սեյրանը, մնացած բոլորը՝ հարևաններ, ընկերներ, համագյուղացիներ: Մոսկվայում աշխատում են շինարարության մեջ, զբաղվում են տարբեր գործերով: Ոչ մեկ դատված չի եղել, աշխատասեր, խելոք, համեստ ընտանիքի տղերք են», - ասաց Մարկոսյանը:

Տավուշում հայ-ադրբեջանական սահմանային բախումներից հետո հուլիսի 24-ին մի խումբ ադրբեջանցիներ հարձակվել էին Մոսկվայում գտնվող Армянский Дом խանութի վրա, ջարդել պատուհանները, հարձակվել աշխատողների վրա, նույն օրը երեկոյան հայաստանցի երիտասարդները տեսել են հարձակումը և վերդովված որոշել են դիմել պատասխան քայլի: Համացանցում գտել են ադրբեջանական Бакинский дворик ռեստորանի հասցեն, գնացել այնտեղ և ջարդել ռեստորանի պատուհանները: Դեպքից երկու օր անց Արգիշտի Պետրոսյանը, Սեյրան Նիկոյանը, Նարեկ Պետրոսյանը, Արտակ Նիկոյանը, Ռազմիկ Սահակյանը, Արմեն Ապիկյանը և Արսեն Ապիկյանը ձերբակալվել են:

Ի դեպ, ադրբեջանական մամուլն ակտիվ լուսաբանում է Մոսկվայում տեղի ունեցած հուլիսյան բախումներին մասնակցած ադրբեջանցիների գործով դատավարությունները: Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանությունն ակտիվ մասնակցում է գործընթացին, իսկ նրանց վերաբերյալ մեղմ դատավճիռները ներկայացնում են որպես ադրբեջանցիների հերթական հաղթանակ:

XS
SM
MD
LG