Մատչելիության հղումներ

ԱԱԾ. Արաբկիրի նախկին թաղապետի կողմից կոռուպցիոն մեխանիզմների գործադրման և խարդախության դեպքեր են բացահայտվել


ՀՀ ԱԱԾ շենքը Երևանում, արխիվ
ՀՀ ԱԱԾ շենքը Երևանում, արխիվ

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդում է Երևանի Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավարի կողմից կոռուպցիոն մեխանիզմների գործադրման և խարդախության դեպքեր բացահայտելու մասին:

«Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը 2005-2008 թվականների ընթացքում զբաղեցնող պաշտոնատար անձը, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական կեղծիքներ կատարելու միջոցով, խարդախությամբ համայնքի՝ առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ ձեռք է բերել իրավունք, ինչպես նաև ավագանու անդամների հետ նախնական համաձայնությամբ, համայնքի հաշվեկշռում առկա մի շարք անշարժ գույքեր, ձևական աճուրդների կամ ուղղակի վաճառքի միջոցով, շուկայական և կադաստրային արժեքներից անհամեմատ ցածր գներով, օտարել է տարբեր քաղաքացիների, որի արդյունքում համայնքին հասցվել է առանձնապես խոշոր չափերով՝ 300 միլիոն ՀՀ դրամի վնաս», - ասված է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում:

Մասնավորապես, շարունակում է ԱԱԾ-ն, Արաբկիր վարչական շրջանի իրավասու պաշտոնատար անձը, «համայնքապատկան առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու շահադիտական դրդումներից ելնելով, նախնական համաձայնության գալով համայնքի ավագանու անդամների հետ և ներազդելով վերջիններիս վրա, համոզելու եղանակով, նրանց դրդել է համապատասխան որոշմամբ թույլատրել համայնքապատկան գույքն օտարել կադաստրային արժեքից անհամեմատ ցածր գնով»: Արդյունքում 2006-ի օգոստոսին Արաբկիր թաղային համայնքի ավագանու որոշմամբ թույլատրվել է դասական աճուրդով օտարել Երևանի Մամիկոնյանց փողոցի 3-րդ շենքի 79քմ մակերեսով թիվ 60 բնակարանը` մեկնարկային գին սահմանելով 3 միլիոն 350 հազար դրամ, որի կադաստրային արժեքը նույն ժամանակահատվածում կազմել է 5 միլիոն 492 հազար 500 ՀՀ դրամ: «Այնուհետև, նույն պաշտոնատար անձինք, օգտվելով ավագանու որոշմամբ ընձեռված հնարավորությունից, կազմակերպել են այն աճուրդով օտարելու վերաբերյալ ձևական մրցույթ, որի ընթացքում հիշյալ անշարժ գույքն իբր Ա. Ղ.-ին մեկնարկային գնով օտարելու համար, կազմվել և շրջանառության մեջ են դրվել պաշտոնեական կեղծ փաստաթղթեր: 2006թ. օգոստոսի 31-ին կայացած ձևական աճուրդի ժամանակ նշված անշարժ գույքը, մեկնարկային գնով, օտարվել է աճուրդին փաստացի չմասնակցած Ա. Ղ.-ին։ Այնուհետև, 2006 թվականի հոկտեմբեր ամսին, նույն եղանակով, կազմվել և շրջանառության մեջ է դրվել կեղծ լիազորագիր, որի հիման վրա նշված բնակարանը մոտ 14 միլիոն 440 հազար ՀՀ դրամով վաճառվել է Ս. Հ.-ին, ով էլ նույն թվականի նոյեմբեր ամսին անշարժ գույքի հիփոթեքի և առուվաճառքի պայմանագրով, 16 միլիոն 361 հազար 930 ՀՀ դրամով, բնակարանն օտարել է Է. Պ.-ին՝ այդ կերպ համայնքապատկան առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ վերջիններս ձեռք են բերել սեփականության իրավունք», - ասված է հաղորդագրությունում:

Միևնույն ժամանակ, հաղորդում է ԱԱԾ-ն, «փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արաբկիր վարչական շրջանի ավագանու 2007թ. մարտի 26-ի որոշմամբ թույլատրվել է Երևան քաղաքի Թբիլիսյան 3/3 հասցեում գտնվող, Արաբկիր թաղային համայնքի ղեկավարի աշխատակազմին սանմաքրման և աղբահանման աշխատանքների կատարման նպատակով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված 16687քմ. մակերեսով հողատարածքի օտարումը, որի ընթացքում իրավասու պաշտոնատար անձինք, անտեսելով օտարվող անշարժ գույքն ամբողջությամբ գնահատված չլինելու հանգամանքը, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, համայնքապատկան գույքը զգալիորեն ցածր գնով ձեռք բերելու շահադիտական դրդումներից ելնելով, կազմել և շրջանառության մեջ են դրել իրավունք վերապահող, բովանդակությամբ ամբողջությամբ կեղծ, գույքի օտարման հանձնաժողովի կողմից կազմված արձանագրություն այն մասին, որ գույքը գնահատվել է ամբողջությամբ (շուկայական արժեքը նշվել է զգալիորեն ցածր՝ 29 միլիոն 800 հազար ՀՀ դրամ)»։ «Արդյունքում, Թբիլիսյան 3/3 հասցեում գտնվող, նշված հողատարածքի վրա գտնվող 2734.6 քմ. մակերեսով շենք-շինություններն ուղղակի վաճառքի ձևով, 29 միլիոն 800 հազար ՀՀ դրամով (շենք-շինությունների կադաստրային արժեքը կազմել է 38 միլիոն 220 հազար 700 ՀՀ դրամ) օտարվել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի իրավասու պաշտոնատար անձի մերձավոր ազգական հանդիսացող հորը` Ե. Շ.-ին, ով վճարելով հողատարածքի կադաստրային արժեքը դարձել է դրա սեփականատերը, ապա ձեռք բերված գույքը, բաժանելով 2 գույքային միավորների, դրանք վաճառել է համապատասխանաբար 91 միլիոն 800 հազար և 340 միլիոն ՀՀ դրամով», - նշված է հաղորդագրությունում:

«Միևնույն ժամանակ ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ առկա են նաև Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի իրավասու պաշտոնատար անձի կողմից կոռուպցիոն մեխանիզմի գործադրման արդյունքում համայնքապատկան հողամասերը և գույքը շահադիտական դրդումներից ելնելով կադաստրային արժեքից զգալիորեն ցածր գնով օտարելու այլ դեպքեր, որի հետևանքով Երևան համայնքը զրկվել է իր սեփականությունը հանդիսացող գույքի օտարման դիմաց ընդհանուր առանձնապես խոշոր չափերով՝ 300 միլիոն ՀՀ դրամի չափով եկամուտ ստանալու իրական հնարավորությունից, որը գույքային տեսքով էական վնաս է պատճառել Երևան համայնքի օրինական շահերին՝ առաջացնելով ծանր հետևանքներ», - շարունակում է Ազգային անվտանգության ծառայությունը:

Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու և համայնքի օրինական շահերը վերականգնելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG