Մատչելիության հղումներ

Իվանիշվիլին առնչություն ունի Ուրուգվայում գտնվող մարիխուանայի ցանքատարածություններին. հետաքննություն


Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք»-ի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլի, արխիվ

Վրացական «Պիրվելի» հեռուստաընկերության հետաքննությունը պնդում է, որ երկրի իշխող կուսակցության առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին առնչություն ունի մարիխուանայի խոշոր ցանքատարածություններին, որոնք գտնվում են Ուրուգվայում և մշակվում են հատուկ բժշկական նպատակներով:

Ըստ այդ հետաքննության հեղինակների՝ Վրաստանի ամենահարուստ քաղաքական գործիչը և երկրի նախկին վարչապետը կարող է առնչություն ունենալ բժշկական, դեղագործական, առողջապահական և սննդի արդյունաբերության համար կանեփ ներկրող խոշորագույն ընկերություններից մեկի՝ PHARMIN ընկերության հետ: Մոնտեվիդեոյի ազատ առևտրի գոտում այդ ընկերությունը բացի հսկայական ցանքատարածություններում կանեփ մշակելուց նաև մի քանի վերամշակող ձեռնարկություններ ունի, որոնք տարեկան կարող են թողարկել մինչև 40 տոննա չոր մարիխուանա:

PHARMIN ընկերության ղեկավար պաշտոններում վրացական «Պիրվելի» հեռուստաընկերությունը միանգամից չորս Վրաստանի քաղաքացիների է գտել: Աննա Կոբալիան և Նիկա Բոլկվաձեն Իվանիշվիլիի հիմնադրած «Համաներդրման հիմնադրամի» նախկին աշխատակիցներ են, Բոլկվաձեն համակարգել է այդ հիմնադրամի կողմից Վրաստանում իրականացված գյուղատնտեսական ծրագրերը։ PHARMIN-ում ղեկավար պաշտոն է զբաղեցնում նաև Լուկա Միքելաիշվիլին , ով «ԳեոԱգրո» ընկերության ղեկավարներից է, որն իր հերթին Իվանիշվիլիի հիմնադրամի հետ համատեղ Վրաստանում իրականացնում էր մի քանի գյուղատնտեսական նախագծեր:

Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած այդ հիմնադրամում կտրականապես հերքում են միլիարդատիրոջ կապը Ուրուգվայում գտնվող մարիխուանայի ցանքատարածությունների հետ, PHARMIN-ը նույնպես չի հաստատել առնչությունը Իվանիշվիլիի հետ:

«Վրացական երազանք»-ի առաջնորդը մեկ անգամ չէ հրապարակայնորեն արտահայտվել մարիխուանայի օգտակարության, կանեփի մշակման կարևորության մասին՝ համոզմունք հայտնելով, որ դա երկրին մեծ եկամուտներ կբերի, հիշեցնում են վրացական լրատվամիջոցները։ Վրաստանի կառավարությունը ընդհուպ մարիխուանայի արտադրությունն օրինականացնելու և հետագայում այն միջազգային շուկա արտահանելու առաջարկով է հանդես եկել։ 2018 թվականին ներկայացված, ապա շաբաթներ անց Վրաց ուղղափառ եկեղեցու ճնշման արդյունքում ժամանակավորապես սառեցված այդ առաջարկի համաձայն, մարիխուանայի՝ բացառապես դեղագործական և օծանելիքի ստեղծման նպատակով արտադրությամբ զբաղվելու էին հատուկ կառավարական արտոնագրի արժանացած ընկերությունները:

Վրացական ընդդիմությունն էլ պնդում էր, որ մարիխուանայի խոշորածավալ արտադրության հարցում անձնական շահագրգռություն ունի Բիձինա Իվանիշվիլին: Վրացական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Իվանիշվիլիին պատկանող ընկերություններից մեկը օրենքի ընդունման դեպքում մասնակցելու է մարիխուանայի արտադրության համար հայտարարվելիք կառավարական մրցույթին:

Այդ քննարկումների ֆոնին էր հենց, որ Իվանիշվիլիի որդին՝ ռեփեր Բերան, թողարկեց իր հայտնի երաժշտական կատարումը՝ «Լեգըլայզ» անվանմամբ: Երգի տեքստում Բերան պահանջում է օրինականացնել մարիխուանան, ընդգծելով, թե բնական ծագման այդ բույսը նվազ վնասակար է առողջության համար, քան սինթետիկ թմրամիջոցները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG