Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության տոնը՝ լրացավ անկախության հռչակման 29-ամյակը։
1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին:
Տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսը, պետական, հասարակական-քաղաքական գործիչներ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում հայտնում է, որ այսօր հրապարակելու է Հայաստանի՝ մինչև 2050 թվականը վերափոխման ռազմավարությունը, որը, ըստ նրա, «ոչ թե կարծրացած մի փաստաթուղթ է, այլ 2050 թվականի Հայաստանի Հանրապետության մասին մեր պատկերացումները, նպատակները, այդ նպատակներին հասնելու ուղիները քննարկելու, ճշգրտելու, իրագործման վերաբերյալ որոշումներ կայացնելու և իրագործման ընթացքը վերահսկելու մեխանիզմ»:
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ պետության ղեկավարը Հայաստանի՝ մինչև 2050-ի վերափոխման ռազմավարությունը կներկայացնի ժամը 12-ին, միջոցառումը կհեռարձակվի ուղիղ եթերում:
Մանրամասները տե՛ս այստեղ