Մատչելիության հղումներ

«Գինն է շատ էժան, եկամուտի ակնկալիք չկա». դժգոհում են կարտոֆիլագործները


Շիրակի մարզում այս տարի 3500 հեկտար կարտոֆիլ է ցանվել, որը նախորդ տարվա համեմատ 330 հեկտարով ավելի է: Գյուղաբնակ խոպանչիների մի մասը վարկ վերցրեց, ցորեն ու կարտոֆիլ ցանեց: Ցորենը ամբարել են, հիմա հերթը կարտոֆիլինն է:

Բերքից դժգոհ չեն, փոխարենը կարտոֆիլի գինն են էժան համարում։ Ազատանցի Գրիգոր Մխոյանը 5 հեկտար կարտոֆիլ է ցանել: Հաշվել է ներդրած գումարն ու ստանալիք եկամուտն ու ասում է, որ վնաս է կրում. «Հինգ հեկտար կարտոֆիլ եմ ցանել, մեկ կիլո կարտոֆիլն էլ գնել եմ 470 դրամով, հիմա էսօրվա դրամով 70 դրամով կարտոֆիլ եմ ծախում, այսինքն 30 դրամ մինուս եմ գնում»:

Ազատանում կարտոֆիլի արտադրությամբ զբաղվող մի քանի ֆերմերներ կան: Նրանցից Սեյրան Ոսկանյանը ևս դժգոհեց, 60-70 դրամով կարտոֆիլ իրացնելը ձեռնտու չէ: Ծախսն անգամ չի հանում: Հաշվարկե՞լ է արդյոք, թե որքան վնաս է կրել կարտոֆիլի ցածր արժեքի պատճառով: «Մեկ հեկտարին եթե առաջին տարվա սերմացու ցանես, մեկ հեկտարի պայմաններում 1,5 միլիոնից 2 միլիոն գումար ենք ներդնում, 20 տոննան եթե հաշվենք 70 դրամով, 1 միլիոն 400 հազար դրամ է կազմում, էն 600 հազարն այսինքն մեր գրպանից, բանկերից ենք վերցրել, պարտքով, որ կարողնանք մինչև վերջ հասցնենք», - պատասխանեց Ոսկանյանը:

Ֆերմերների ակնկալիքն այն է, որ արտահաnման ծավալներն ավելանան, որն էլ բնականաբար կբերի որոշակի գնաճի:

Գևորգ Աբրահամյանը ևս փորձառու կարտոֆիլագործ է, կարողացել է պայմանագիր կնքնել ու իր բերքը արտահանել Ռուսաստան, բայց կրկին էժան գնով. «Հենց այս պահին Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաք ենք ուղարկում, իմ սեփական ապրանքն է, ուղղակի գինն է շատ էժան, կարելի է ասել եկամուտ ընդհանրապես չկա, եկամուտի ակնկալիք չկա, ինչ աշխատում ենք, աշխատում ենք ընդամենը բերքը դաշտից տեղափոխելու, պահեստավորելու, իրացնելու համար»:

Ի՞նչն է պատճառը, որ շուկայում կարտոֆիլի արժեքը նվազել է, Գևորգ Աբրահամյանը մի քանի պատճառ է նշում, այդ թվում և կորոնավիրուսը. «Սպասարկման օբյեկտները շատ քիչ քանակությամբ են աշխատում, ռեստորանային բիզնեսը, տուրիզմը այս տարվա դրությամբ բոլորիս էլ հայտնի է՝ COVID-ի պատճառով բոլոր տեղերում էլ տուրիզմը հետընթաց է ունեցել, ռեստորանային բիզնեսը հետընթաց է ունեցել: Այսինքն տենդենց չկա առաջ գնալու, եթե այսպես շարունակվի, իմ կարծիքով, այս բիզնեսով զբաղվելը անձեռնտու տարբերակ է»:

Մեկ հեկտարը հոլանդական տնկանյութով, ոռոգմամբ, պարարտանյութով ու աշխատուժով ֆերմերի վրա 3 մլն դրամ է արժենում: Հիմա անհնար է համարում, որ 1 հեկտարից ստացված բեքի վաճառքից 3 միլիոնը հետ վերադարձնի:

Կարտոֆիլագործները հիշում են, որ մի քանի տարի առաջ էլ նույն խնդրի առաջ էին կանգնել՝ շատ բերք, ցածր արժեք ու շատերը կարտոֆիլը որպես անասնակեր օգտագործեցին: Չեն բացառում, որ այս տարի էլ նույնը կրկնվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG