Մատչելիության հղումներ

Պե՞տք է արդյոք Երևանին գլխավոր ճարտարապետ. կարծիքներ


Պե՞տք է արդյոք Երևանին գլխավոր ճարտարապետ, թե՞ ոչ։ Արդեն մեկ տասնամյակից ավելի մասնագիտական հանրույթը բարձրաձայնում է գլխավոր ճարտարապետի ինստիտուտից հրաժարվելու մասին։ Այս օրերին քաղաքապետ Հայկ Մարությանն էլ է կարծիք հայտնել, թե Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոն այլևս չպետք է լինի, փոխարենը գուցե լինի գլխավոր ճարտարապետի գործառույթներով զբաղվող մարմին կամ խորհուրդ:

Ճարտարապետ Սերգո Տոնոյանն ասում է՝ կարևոր է հասկանալ, թե ինչից առաջացավ այս միտքը և արդյոք նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի գործունեության ձախողումն է գաղափարի առաջացման պատճառ դարձել. «Գործառույթների մասով մենք հստակություն չունենք, թե նույն հենց գլխավոր ճարտարապետի ամբողջական ֆունկցիաներն է կատարելու այդ մարմինը, թե լրացուցիչ ինչ-որ գործունեության շրջանակ ունի: Այս ամեն ինչը դեռ շատ աղոտ է և պետք է, որ մանրամասն ներկայացվի թեկուզ հենց քաղաքապետի կողմից, եթե նա է առաջ քաշում այսպիսի գաղափար: Ճարտարապետական մասնագիտական հանրույթի ինչ-որ մի մասը մշտապես կոչ է արել հրաժարվել գլխավոր ճարտարապետի ինստիտուտից և դա փոխարինել, այո, քաղաքային պլանավորմամբ զբաղվող որևէ կառույցով: Բայց արդյոք այս ամեն ինչը համապատասխանո՞ւմ է, մասնագետների ցանկություններն ու քաղաքապետարանի այս նախաձեռնությունն արդյոք համընկնո՞ւմ են, թե՞ ոչ, առայժմ քաղաքապետը նման կարծիք չի ներկայացրել»:

Սերգո Տոնոյանի կարծիքով՝ երբ քաղաքային պլանավորմամբ զբաղվի որակյալ մասնագետների խումբ, եթե ոչ միանգամից, ապա որոշ ժամանակ անց՝ արդյունքը տեսանելի կլինի։

«Այսինքն այդ գործունեության արդյունքում ստանալու ենք մի պատկեր, որ այլևս Երևան քաղաքում կամ որևէ այլ քաղաքում պարզապես անհնար կլինի որևէ քաղաքացու, ներդրողի, բիզնեսմենի կողմից պատկերացնել անգամ սեփական ճաշակով կամ սեփական ցանկություններով որևէ կառուցապատում իրականացնելը: Հիմա մենք ունենք թե՛ թերի գլխավոր հատակագիծ, թե՛ թերի գոտիավորման նախագծեր և գլխավոր ճարտարապետի ինստիտուտի անորոշ գործունեության հատված: Այս երկուսը համատեղության արդյունքում տեսնում ենք՝ 20 տարվա ընթացքում ինչ է կատարվել Երևանում», - նշեց ճարտարապետը:

Հայաստանի ճարտարապետների պալատի փոխնախագահ Բորիս Քոչարյանի կարծիքով՝ եթե նման խորհուրդ ստեղծվի, ապա միայն մասնագետների լայն ներգրավվածությամբ:

«Քաղաքաշինությունը բազմադիսցիպլինար գործունեության է, այնտեղ բոլորն էլ պետք է մասնակցություն ունենան՝ սոցիոլոգից սկսած մինչև բնապահպան, բայց մասնագիտական ուղղությամբ, այսինքն այդ դեպքում կարող ենք հույս ունենալ, որ աշխատանքը մասնագիտական ընթացք կունենա, ոչ թե հրապարակախոսական քննարկումներ և այլն: Ընդհանրապես ժամանակն է, որպեսզի, մենք բոլոր ուղղություններով էլ ունենք մասնագետներ, ակտիվորեն ներգրավվեն քաղաքաշինության կառավարման գործերում, մշտապես հայտնի լինի նրանց տեսակետը, դրանց հետ հաշվի նստեն պատկան մարմինները և այլն: Մենք եթե դա այսօր չանենք, վաղը ավելի ուշ է լինելու: Մասնագետների լայն ներգրավվածությունը ճիշտ կլինի, բայց կրկնում եմ՝ որևէ խորհուրդ որոշում կայացնելու լիազորություն չունի ոչ օրենքով, ոչ էլ կարող է որևէ օրենք լինի, որ նրան տրվի այդպիսի լիազորություն, որովհետև դա կառավարման խնդիր է, իսկ կառավարման մարմինների ձևավորումը Սահմանադրությամբ արդեն գիտենք՝ ինչպես է կատարվում: Որևէ մարմին, որ ստեղծվի, բացի խորհրդակցական լինելուց, ուրիշ լիազորություն վերաբերվել նրան, ցավոք սրտի, չի կարող», - ասաց Հայաստանի ճարտարապետների պալատի փոխնախագահը:

Քոչարյանը ուշադրությունը հրավիրում է կառավարման մեխանիզմներին. «Եթե կառավարման մեխանիզմները մնան նույնը, ինչպես մինչև այսօր և դրա հետ ստեղծվի ինչ-որ մի խորհուրդ, մենք կունենանք ավելի վատ վիճակ, քան նախկինում էր: Դրա համար ես շեշտը տեղափոխում եմ կառավարման մեխանիզմների վրա, որպեսզի քաղաքաշինությունն ինքը որպես դիսցիպլին աշխատի ինքնուրույն, լինի քաղաքաշինություն ոչ թե քաղաքաշինական որոշումների ընդունում այս կամ անձի կամ կոմիտեի, խորհրդի կողմից: Որոշումը ոչ թե լինի հայեցողական, այսրոպեական, մեկանգամյա, այլ որոշումը լինի ծրագրային, ծրագրված, մասնագետները շատ լավ գիտեն ոնց է պետք դա անել, ուղղակի պետք է մասնագետներին տալ այդ հնարավորությունը՝ քաղաքի տարածքները ծրագրել, հետո կառուցապատել»:

Երևանը պետք է գլխավոր ճարտարապետ ունենա, սակայն նրան օգնողներ էլ պետք է լինեն, ասում է 2013-2018 թվականներին Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցրած Տիգրան Բարսեղյանը, հավելում նաև. «Կարծում եմ, որ Երևանի նման քաղաքը պետք է գլխավոր ճարտարապետ ունենա, և նրան պետք է շատ օգնեն և՛ իշխանությունները, և՛ իր կոլեգաները: Դա ծանրագույն աշխատանք է և միայն մի մարդու անելիք չի, խորհուրդն էլ պետք է օգնի: Վերացական գուցե հնչի իմ կարծիքը, բայց էս պահին ես չեմ պատկերացնում, որ Երևան քաղաքը չունենա ճարտարապետ»:

2018-ի հոկտեմբերից Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցրած Արթուր Մեսչյանը նախորդ ամիս ազատվեց այդ պաշտոնից: Հատկապես վերջին ամիսներին Մեսչյանի հասցեին քննադատություններ էին հնչում, որոնք առնչվում էին, օրինակ, Ֆիրդուսի թաղամասին: Ճարտարապետները պնդում էին, թե Մեսչյանը անգործության է մատնված։ Քաղաքապետի խոսքով, սակայն, պայմանավորվածություն կար, որ Մեսչյանը երկու տարով է պաշտոնավարելու, և այժմ այդ ժամկետը լրացել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG