Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ կհրատարակվի Ցեղասպանությունը վերապրածների հուշագրությունների նոր մատենաշար


Հայոց ցեղասպանության թանգարանը Երևանում, արխիվ

Հայոց ցեղասպանության թանգարանն այցելուների առաջ իր դռները բացեց օգոստոսի 26-ից, մինչ այդ էլ չդադարեցնելով հեռավար աշխատանքը՝ իրականացնելով բազմաթիվ ծրագրեր: Այժմ էլ ահա, վերաբացումից հետո, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նախաձեռնել է մի շատ ուշագրավ հրատարակչական ծրագրի իրագործումը, որը հնարավորություն կտա թե՛ հայ, թե՛ օտարերկրյա ընթերցողին ծանոթանալ Ցեղասպանության օրհասական բովով անցած և այն վերապրած մարդկանց հուշագրությունների:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախաձեռնած այս նոր մատենաշարի խորագիրն է «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրությունների մատենաշար», որի խորհրդանշական մեկնակը կտրվի Ավրորա Մարդիգանյանի «Հոշոտված Հայաստան» գրքի հայերեն և անգլերեն լեզուներով հրատարակությամբ:

Ցեղասպանության սարսափների միջով անցած Ավրորա Մարդիգանյանն իր ողբերգական պատմությունն առաջին անգամ 1918 թվականին Միացյալ նահանգներում է ներկայացրել՝ հրատարակելով իր «Հոշոտված Հայաստան» գիրքը, որ հիման վրա էլ այն ժամանակ գեղարվեստական ֆիլմ է նկարահանվել ԱՄՆ-ում: Հիմա էլ ահա նրա գիրքը կվերահրատարակվի հայերեն և անգլերեն լեզուներով՝ «Ավրորա» մարդասիրական հիմնադրամի աջակցությամբ:

«Ազատության» հետ զրույցի ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը նշեց. «Մինչև այս տարեվերջ կհրատարակվեն մատենաշարի երկու գրքերը, իսկ հաջորդ տարիներին հնարավորության դեպքում նպատակադրվել ենք մատենաշարի շրջանակներում առնվազն երեք գիրք հրատարակել»:

Հարություն Մարությանի խոսքով՝ բազմաթիվ հուշագրություններ հրատարակել է անվանի ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանը, բայց շատ բան դեռ մնացել է իրենց արխիվներում:

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերում պահվում են 480-ի չափով հուշագրություններ, որոնք հեղինակել են Ցեղասպանությունը վերապրածները: 20-ական թվականներին, 30-ական, ողջ 20-րդ դարի ընթացքում, տարբեր տասնամյակներում մարդիկ իրենց մեջ կուտակվածը թղթին են հանձնել, դրանք շատ կարևոր վկայություններ են այն սարսափների մասին, որոնց նրանք ականատես են եղել Ցեղասպանության, աքսորի տարիներին: Թանգարանը որոշել է մատենաշար ստեղծել, կային ֆինանսական խնդիրներ, այս տարի «Ավրորա» հիմնադրամի աշխատակիցը եկավ մեզ մոտ և ասաց, որ իրենք որոշակի գումարով պատրաստ են մեզ օժանդակել ծրագրերից որևէ մեկի իրագործման համար, մենք միանգամից առաջ քաշեցինք այս ծրագիրը», - ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը:

XS
SM
MD
LG