Մատչելիության հղումներ

Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանը մեղադրյալ է ներգրավված այդ միջադեպով


Տարիներ առաջ նախկին իշխանության հենարաններից Սյունիքի նախկին մարզպետ, «Լիսկա» մականվամբ հայտնի Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպից մահացած Ավետիք Բուդաղյանին Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) մեղադրյալ է ներգրավել, գործն էլ ուղարկել է դատարան։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը պետք է որոշի՝ արդյոք հրազենից սպանված Բուդաղյանը մեղավոր էր, թե ոչ։ Հանգուցյալը մեղադրվում է 2013 թվականի հունիսի 1-ին ապօրինի զենք ձեռք բերելով Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու փորձի համար։

Սյունիքի նախկին մարզպետի ընտանիքը հայտնի է տարբեր աղմկահարույց քրեական պատմություններով։ Այժմ էլ հայր և որդի Խաչատրյանները հետախուզվում են երկու տարբեր քրեական գործերով։

Նախկին մարզպետի առանձնատան բակում 7 տարի առաջ սպանված Ավետիք Բուդաղյանը նաև մեղադրվում է Խաչատրյանների բարեկամ Նիկոլայ Աբրահամյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար։ Այս գործը սկզբում մակագրվել էր նույն դատավորին՝ Նապոլեոն Օհանյանին, որն էլ տարիներ առաջ միակ մեղավոր էր ճանաչել սպանվածի եղբորը՝ գնդապետ Արտակ Բուդաղյանին՝ որսորդական հրացանով Խաչատրյանի ընտանիքի հասցեին սպանության սպառնալիքներ հնչեցնելու համար։ Դատավոր Օհանյանը, սակայն, ինքնաբացարկ է հայտնել, իսկ գործը փոխանցվել է այլ դատավորի։

Տարիներ առաջ տեղի ունեցած արյունալի այս միջադեպից, այսպես ասած, արդարացված դուրս եկան Սյունքիի նախկին մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանն ու թիկնապահը՝ Զարզանդ Նիկողոսյանը։ Քրեական գործի հարուցման սկզբում երկուսն էլ մեղադրվում էին սպանության համար և կալանավորվել էին, բայց հետո քննիչը որոշել էր, որ նրանք կրակելով Բուդաղյանների վրա ու սպանելով եղբայրներից մեկին միայն ինքնապաշտպանվել են։

Իրավապաշտպանները քննադատում են իրավապահների այս նոր որոշումը՝ պնդելով՝ փոխարենը բացահայտվեր տարիներ շարունակ կասկածելի հանգամանքներում քննված գործը, փորձ է արվում արդարացնել տարբեր սկանդալներով հայտնի Խաչատրյանին ու նրա ընտանիքին։ Այն, ինչ կատարվում է, չի կարող լինել մի երկրում, որտեղ հեղափոխություն է տեղի ունեցել, և սա վկայում է այն մասին, որ հեղափոխությունից հետո ոչինչ չի փոխվել իրավապահ համակարգում, ասում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

«Ես կարծում եմ, որ շուտով «Լիսկան» էլ կվերակենդանանա և նրան էլ տեղ կտրվի այս հանրապետությունում, և ինչպես որևէ մեկը մինչև հիմա չի պատժվել, այնպես էլ անպատիժ կմնա «Լիսկան»: Թեև, ես ասեմ՝ ինչու եմ դա ասում, ես դա ասում եմ, եթե դա այդպես չէ, ուրեմն այդպես գործը չեն ուղարկի դատարան», - ասաց իրավապաշտպանը:

Ալեքսանյանը պնդում է՝ որևէ մեկին չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում իրավապահ համակարգում։ Նա համոզված է՝ դատարանը կդակի ՀՔԾ-ի մեղադրանքն ու կհաստատի, որ Խաչատրյանները ինքնապաշտպանվել են, իսկ սպանված գործարարը մեղավոր է։

«Կեղծ մեղադրանքը սարքել է Գևորգ Կոստանյանը և հիմա փախուստի մեջ է, բայց նրա մեղադրանքը շարունակում է դատարանում ապրել, գոյատևել, այնպես որ ողջունում եմ այս իշխանությանը իր բարեփոխումներով հանդերձ», - նշեց Ժաննա Ալեքսանյանը:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը ևս հույս չունի, որ ճշմարտությունը կբացահայտվի։ Կարապետյանցն ասում է, որ Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանքը հաստատելու փոխարեն կարող էր պարզապես դադարեցնել քրեական հետապնդումը հանցակազմի բացակայության պատճառով։ Բայց կարծում է սրանով փորձ է արվում արդարացնել Խաչատրյաններին:

«Այն, որ ամենայն հավանականությամբ այս ամբողջ գործընթացը միտված է լինելու, իմ խորին համոզմամբ, վերջնականապես Սուրիկ Խաչատրյանին և իր ընտանիքի անդամներին մաքրելու, մաքրազարդելու, սրբադասելու գործընթացին, ես գրեթե կասկած չունեմ: Ի՞նչն է հուշում, որ ոչինչ չփոխված համակարգերը ձգտելու են վարվել այլ կերպ, քան արդարացնել յուրայիններին, ոչինչ դրա մասին չի հուշում», - ընդգծեց իրավապաշտպանը:

Կարապետյանցը հիշում է, որ տարիներ առաջ շատերը չէին հավատում պաշտոնական վարկածին ու համոզված էին, որ տասնամյակներով իրեն Սյունիքում անպարտելի համարող մարզպետի ընտանիքը անհամաչափ ուժ է գործադրել տան մոտ հարցեր պարզելու եկած եղբայրների նկատմամբ։

«Եթե ինչ-որ մեկը հարձակվում է ձեր տան վրա, եկեք, ասում է, մի հատ կտրտեք, կերեք, հետո էլ կրակեք վրան: Տենց պարզունակ մոտեցում չի կարելի ունենալ: Իրականում իրավիճակի վերլուծության համար, գնահատական տալու համար է իրականացվում քննությունը, այլապես մենք կունենայինք ինքնադատաստանի ինստիտուտը», - ասաց Նինա Կարապետյանցը:

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը դեռ մեկ տարի առաջ այս հարցի մասին «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ այս գործն առաջ եկավ, քանի որ իրենք համաձայն չէին քննիչի այն որոշման հետ, թե Բուդաղյանի մահվամբ նրա նկատմամբ հետապնդում չի իրականացվի։ Նրանք պնդում էին, որ Բուդաղյանը պետք է արդարացվի։ Բայց այն ժամանակ դատախազ Գևորգ Կոստանյանը մերժել էր Բուդաղյանների այս դիմումը։ Հետագայում վերաքննիչ դատարանը բավարարում է նրանց դիմումը և որոշվում է, որ եթե մահացածի հարազատները առարկում են, նրան մեղադրելու կամ արդարացնելու հարցը պետք է որոշի դատարանը։ Դրանից հետո արդեն հարուցվեց նոր քրեական գործ, որն էլ ուղարկվեց ՀՔԾ։

Հատուկ քննչական ծառայությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ ձեռք են բերվել բավարար ապացույցներ Ավետիք Բուդաղյանին մեղադրյալ ներգրավելու համար։ Հարցին, թե ինչո՞ւ չեն քննել Սուրիկ խաչատրյանի որդու և թինապահի գործողությունները, ՀՔԾ-ից արձագանքեցին, որ նրանց արարքներին արդեն իսկ տրվել են իրավական գնահատականներ։

XS
SM
MD
LG